26/06/2019 14:03
Ճապոնիայում հեղեղումների սպառնալիքի պատճառով 115 հազար մարդ տարահանման ցուցում է ստացել
Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի մոտ 115 հազար բնակիչ է շտապ տարահանման հանձնարարական ստացել տեղատարափ անձրևներով պայմանավորված սողանքների և թայֆունների սպառնալիքի պատճառով: Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, մարդկանց կոչ են անում պատսպարվել դպրոցների և մունիցիպալ հիմնարկությունների շենքերում:
Օկինավա կղզում այժմ սաստիկ անձրևներ են տեղում, որոնց պատճառը մոտեցող թայֆունն է: Ճապոնիայի Օդերևութաբանական վարչության տվյալով՝ այն ձևավորվում է Ֆիլիպիններից արևելք ընկած գոտում և շուտով կշարժվի դեպի հյուսիս - արևելք՝ Ճապոնիայի կողմը:
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ թայֆունն արդեն հինգշաբթի երեկոյան կարող է հասնել խաղաղօվկիանոսյան ափ Ճապոնիայի հարավ - արևմուտքում: