27/06/2019 11:42
Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 68 հազար դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազադատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն 63 հազար, այնինչ, կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ:
Փոխնախարարը ներկայացրեց հաշարկի հիմքերը, որտեղ կարևորվել է նվազագույն սպառողական զամբյուղը:
«Ուղիղ փոխելու ենք 45 հազար մասնավոր և պետական ոլորտում 35 հազար աշխատողի աշխատավարձը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ», - ասաց նա՝ նշելով, որ նրանց աշխատավարձը շուրջ 23-24 տոկոսով ավելանում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, քանի որ կառավարության անդամների կողմից մտահոգություններ եղան, որ, հնարավոր է՝ գործատուն մանևրելու հնարավորություններ ունենա ժամերի քանակով, ինչը ևս պետք է կանոնակարգել օրենքով, որպեսզի նման հնարավորություն չլինի:
Հարցը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: