27/06/2019 11:25
Դմիտրի Մեդվեդևի հետ կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման մշտապես եղել է Հայաստանի ու Ռուսաստանի, Հայաստանի ու Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների քննարկման օրակարգում։
«Ես այս հարցը մշտապես քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վերջին այցի ընթացքում մենք այս առումով կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել», - ասաց նա։
Վարչապետը նշեց, որ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև Վրաստանի վարչապետի հետ։
«Բազմիցս քննարկումներ ենք ունեցել այս թեմայով, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերներին այս հարցում մեր պայմանավորվածությունները ճշգրիտ կյանքի կոչելու համար։ Սա նշանակում է, որ մեր արտահանման ուղղությունները հուսալի կերպով աշխատում են ու պիտի շարունակեն աշխատել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ ուրախ է, որ մի քանի ամիս անընդհատ արձանագրում են՝ ՀՀ տնտեսությունը գտնվում է լավ տրամադրության մեջ։
«Լավ սպասումներ են ձևավորվում, այդ լավ տրամադրությունը հաստատվում է նաև արժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացներով», - ասաց նա։
Վարչապետը նշեց, որ այս տարի Կենտրոնական բանկը պահուստավորել է 185 միլիոն դոլար։