27/06/2019 14:03
Հայաստանը մտադիր է Մալթայի հետ էլ ավելի խորացնելու երկկողմ քաղաքական երկխոսությունը. Զոհրաբ Մնացականյան
Մտադրություն ունենք Մալթայի հետ էլ ավելի խորացնելու երկկողմ քաղաքական երկխոսությունը, որն իր մեջ պարունակում է բավական հարուստ օրակարգ տարբեր ուղղություններով, այսօր Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Մենք փոքր երկրներ ենք, և մեր հոգեբանությունն աշխատում է փոքր երկրների համերաշխության համատեքստում։ Մալթան ԵՄ անդամ երկիր է, և առիթ ունեցանք քննարկելու բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են ՀՀ-ԵՄ օրակարգին», - ասաց ԱԳ նախարարը։
Մնացականյանը տեղեկացրեց, որ երկու երկրների միջև առևտրային շրջանառությունն այդքան տպավորիչ չէ, բայց Կարմելո Աբելայի հետ հանդիպմանը ի հայտ են բերել բազմաթիվ ոլորտներ, որտեղ երկու երկրները ունեն զարգացնելու մեծ հետաքրքրություն։
«Հուսով ենք, որ կկարողանանք ունենալ նաև սեզոնային թռիչք։ Լավ ձևավորված հիմք ունենք աշխատելու նաև կրթության և գիտության ոլորտում», - ասաց Մնացականյանը։