27/06/2019 18:51
Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումն Արցախի ինքնիշխան իրավունքն է. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը։
«Այս նախաձեռնությունն արդիական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու իր սպառնալիքներից և խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումից։
Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը Արցախի ինքնիշխան իրավունքն է և հետապնդում է բացառապես քաղաքացիական ու մարդասիրական նպատակներ, մասնավորապես՝ մարդու այնպիսի հիմնարար իրավունքի իրացումը, ինչպիսինն է տեղաշարժի ազատությունը: Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող շրջափակումը մշտական և լուրջ խոչընդոտ է դարձել Արցախի քաղաքացիական բնակչության տեղաշարժի ազատության համար, որը նաև հանգեցնում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և այլ առանցքային միջազգային համաձայնագրերում ամրագրված մարդու մյուս հիմնարար իրավունքների խախտմանը: Ադրբեջանի նման քաղաքականությունը հստակորեն վկայում է նրա բացահայտ արհամարհանքը՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վերաբերյալ, և քաղաքացիական բնակչության նկատմամբ կոլեկտիվ պատիժ կիրառելու նրա քաղաքականության շարունակությունն է հանդիսանում։
Ավելին, Ադրբեջանի այսօրինակ գործողությունները միջազգային հակաիրավական արարք են և պետք է ամենալուրջ հակազդեցության արժանանան միջազգային հանրության կողմից», - ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։