27/06/2019 20:25
ԿԺԴՀ ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին նոր առաջարկ անել
Վաշինգտոնը պետք է Փհենյանին «նոր առաջարկ» անի, եթե ցանկանում է հասնել Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման հարցերով երկխոսության վերականգնմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ամերիկյան դեպարտամենտի տնօրեն Կվոն Չժոն Գինը:
«Միացյալ Նահանգները պետք է իր դիրքորոշումը շտկի, եթե ցանկանում է երկխոսությունը վերականգնել, և դրա համար վերջին ժամկետն է 2019 թվականի վերջը», - ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն նաև պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի «ճիշտ տրամադրվածությամբ», իսկ ամերիկյան պատվիրակությունը պետք է ղեկավարի «մեկը, ով կարող է հասկանալ» Հյուսիսային Կորեայի դիրքորոշումը և «ողջամիտ այլընտրանք առաջարկել»:
«Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է արդյունքի հասնել, այնքան էլ շատ ժամանակ չունի», - ավելացրել է ԱԳՆ ներկայացուցիչը: