27/06/2019 17:30
Իսպանիայում հրդեհն ավելի քան 4 հազար հեկտար անտառ է ոչնչացրել
Իսպանիայի հյուսիս-արևելքի Տարագոնա նահանգում (Կատալոնիայի ինքնավար հանրակցություն) մոլեգնող ուժգին հրդեհը 4 հազարից մինչև 5 հազար հեկտար անտառ է ոչնչացրել, հայտնել է «Europa Press» գործակալությունը:
Բռնկումը սկսվել է չորեքշաբթի Լա-Տորե-դել-Էսպանիոլ բնակավայրի շրջանում: Կրակը մինչ այժմ չի հաջողվել հսկողության տակ վերցնել: Տարերքի դեմ պայքարում գործի են դրվել տասնյակ մարդիկ, նաև օդային տեխնիկա: Խոսքը վերջին 20 տարվա ընթացքում Կատալոնիայում բռնկած ամենաուժեղ հրդեհների մասին է:
Կրակի մարումը դժվարանում է սաստիկ տապի պատճառով, որը հաստատվել է գրեթե ամբողջ Իսպանիայում: Պետական օդերևութաբանական գործակալությունը հինգշաբթի նախազգուշացում է հայտարարել Պիրենեյան թերակղզու բազմաթիվ նահանգներում: Ըստ կանխատեսումների, շոգ եղանակը երկրում կպահպանվի առնվազն մինչև հաջորդ շաբաթ: