28/06/2019 15:24
Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը վերացնելու համար դատարանը ձևավորող ինստիտուտները քննարկումներ պետք է սկսեն. ԱԺ նախագահ
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որին Ազգային ժողովը վերջերս ընտրել էր այդ պաշտոնում, Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի հետ կապված նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին։
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հաստատեց մամուլի հրապարակած այդ տեղեկությունը և ասաց, որ բավականին ծավալուն նամակ է։
«Չեմ կարող ամբողջությամբ մեջբերել, որովհետև շատ ծավալուն փաստաթղթի մասին է խոսքը։ Փաստարկելով և հիմնավորելով Սահմանադրական դատարանում ճգնաժամի գոյությունը, Վահե Գրիգորյանն իր նամակում լուծման երեք տարբերակ է տեսնում, որի սպեկտորը հետևյալն է՝ առկա իրավիճակի ամրագրումից՝ որպես նորմալ վիճակ, մինչև այս կամ այն չափ փոփոխություններ», - ներկայացրեց Միրզոյանը՝ հրաժարվելով բացահայտել նամակի բովանդակությունը։
Նա փաստեց, որ Սահմանադրական դատարանի հետ կապված անորոշություն է ստեղծվել, հետևաբար, ըստ նրա, Սահմանադրական դատարան ձևավորող ինստիտուտները պետք է քննարկեն ու դուրս գան ստեղծված ճգնաժամային վիճակից։
Ավելին, ԱԺ նախագահի պնդմամբ, բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ հասարակության կողմից անվստահություն կա։
«Մի կողմից, եթե նկատենք, որ Սահմանադրությունը տառացի է մեկնաբանվում, բայց չէ՞ որ մյուս կողմից էլ բովանդակային հարցեր էլ կան Սահմանադրական դատարանին ուղղված։ Այն մարմնինը, որը կոչված է ինստիտուտների միջև լուրջ վեճերի լուծմանը ու վերջնական վճիռներ տալուն, դրա նկատմամբ հասարակության կողմից վստահություն չկա», - ասաց Միրզոյանը։
Նկատենք, որ Սահամանադրական դատարանի դատավորները ավելի վաղ հանդես էին եկել հայտարարությամբ՝ հերքելով ճգնաժամի առկայությունը։
«Սահմանադրական դատարանն աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը», - ասված էր հայտարարության մեջ։