28/06/2019 19:31
ԱԽ քարտուղարն ակնհայտորեն իր տեղում չէ. Սուրեն Սարգսյան
Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին չափազանց արդիական է, որ ստեղծվի հայաստանյան որևէ պետական մարմին, որը ԱՄՆ-Իրան հնարավոր բախման դեպքում մշակված ռազմավարություն, այն է՝ գործողությունների պլան կունենա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները կարող են ցանկացած պահի պայթյունավտանգ դառնալ։ Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացումների։ Ըստ էության՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանը դրանցից ամենավտանգավորին և ամենահնարավորին պատրաստ չէ։ Եթե նույնիսկ այդ հնարավոր սցենարի հավանականությունը կազմում է մեկ տոկոս, ապա նույնիսկ այդ մեկ տոկոսի համար Հայաստանը պետք է ռազմավարություն ունենա՝ իմանալու, թե ինչպես պետք է դիմակայել մարտահրավերներին», - ասաց քաղաքագետը։
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ հստակ մշակված ռազմավարություն ունենալը Հայաստանի ազգային անվտանգության ապահովման խնդիր է, և այս ուղղությամբ պետք է ակտիվ քայլեր ձեռնարկվեն։
«Մի կողմից մեր բարեկամ Միացյալ Նահանգներն է, մյուս կողմից՝ բարեկամ և հարևան Իրանը։ Եթե նկատել եք, Իրանի դեմ պատժամիջոցներն, այսպես թե այնպես, հարվածում են հայաստանյան տնտեսությանը, այնպես որ միշտ պետք է պատրաստ լինել հնարավոր սցենարներին և ունենալ ռազմավարական գործողությունների պլան, ինչը Հայաստանի Հանրապետությունը չունի», - ընդգծեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ որտե՞ղ ենք թերացել, որ համապատասխան ռազմավարություն մինչ այժմ չի մշակվել, Սուրեն Սարգսյանը պատասխանեց՝ «կադրերի հարցում»։
«Իշխանություններն առնվազն Անվտանգության խորհրդին պետք է հանձնարարեին զբաղվել այս հարցերով, բայց ԱԽ քարտուղարն ակնհայտորեն իր տեղում չէ։ Կարծում եմ՝ նա պետք է պրոֆեսիոնալ զինվորական լիներ և քաջ պատկերացում ունենար ռազմական, տակտիկական գործողությունների մասին, այլ ոչ թե հետաքրքվեր բացառապես տիեզերքով (նկատի ունի ՀՀ ԱԽ քարտուղարի Ղրղզստան կատարած այցը, որի ժամանակ վերջինս հատուկ կարևորել է նաև ռազմաարդյունաբերության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում համագործակցության ակտիվացման տեսլականը-խմբ.)։ Կառավարությանում կան մարդիկ, ովքեր պատասխանատու են կոնկրետ ուղղությունների համար, և այդ պատասխանատվությունը պետք է ամբողջությամբ ստանձնեն», - նշեց քաղաքագետը։