28/06/2019 11:53
Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ներկայացնող կազմակերպություններ. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու
Խորհրդարանում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանից ԲՀԿ խբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է թեկնածուն պատկերացնում մոնոպոլիաների դերի նվազմանն ուղղված գործընթացի կազմակերպումը:
«Ի՞նչ եք պատրաստվում անել, որ մոնոպոլիաների դերը նվազի և որևէ տնտեսվարող գերիշխող դիրքը չչարաշահի: Գիտեք, որ մեր իրականության մեջ գերիշխող դիրք ունեցողներն անպայման օգտվում են դրանից, չարաշահում են իրենց դիրքը, որը վնասում է հավասար գործակցային հնարավորություններին: Եթե հայտ եք ներկայացնում այդ կառույցում աշխատելու, պետք է հիմնավորված կարծիք կամ որոշում ունենաք այդ խնդրի վերաբերյալ», - ասաց նա:
Ի պատասխան Ճաղարյանն ընդգծեց, որ անբարեխիղճ մրցակցության բոլոր դրսևորումները պիտի բացառվեն, որի համար պետք է օգտագործվի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ողջ գործիքակազմը:
«Ես ինքս դեմ չեմ նրան, որ լինեն գերիշխող դիրք ներկայացնող կազմակերպություններ, դրանք պայմանավորված են տարբեր գործոններով, այսինքն՝ մարդն այդ գործում հաջողվել է, շահույթ քիչ է ակնկալում և արդյունքում դարձել է գերիշխող, բայց հենց գերիշխող դիրք ուենցող կազմակերպությունները պիտի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ամենօրյա տեսադաշտում լինեն, ամենօրյա ուշադրության կենտրոնում, որպեսզի որևէ վայրկյան իրենց գերիշխող դիրքը չչարաշահեն», - ասաց Ճաղարյանը: