28/06/2019 17:35
«Ոսկե ծիրան»-ը դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ ծրագրեր կներկայացնի
Հուլիսի 7-14-ն անցկացվելիք 16-րդ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ Հայաստանում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Հունիսի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված երկրների դեսպանները, դեսպանությունների ներկայացուցիչներն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարները ներկայացրեցին փառատոնի օրերին իրականացվելիք համատեղ ծրագրերը:
Ֆրանսիա
Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությամբ «Talent Lab» ծրագրի շրջանակում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնեն հայտնի կինոքննադատ, Կաննի «Critics Week» ծրագրի համակարգող Օլիվյե Պելիսոնը, պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը: «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ հռչակավոր ֆրանսիացի ռեժիսոր Անյես Վարդայի հրաժեշտի ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած Նադար Լապիդի «Հոմանիշները»:
Գերմանիա
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ փառատոնի շրջանակում կներկայացվեն մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ Վիմ Վենդերսի Ֆրանցիկոս պապին նվիրված վերջին ֆիլմը, Յոահիմ Լանգի ֆիլմը հռչակավոր գերմանացի թատերական գործիչ Բերտոլդ Բրեխտի մասին:
ԱՄՆ
ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ «Talent Lab» ծրագրի շրջանակում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնի դերասանի վարպետության մասնագետ, ռեժիսոր, մանկավարժ Քեթլին Լեսլին:
Դեսպանատան հետ համագործակցությամբ փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմում կլինի Թրայբեքա կինոինստիտուտի տնօրեն, պրոդյուսեր Էմի Հոբին:
Ռուսաստանի Դաշնություն
Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համագործակցությամբ կիրականացվի «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագիրը, որի բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին Գյումրի քաղաքում: Բացմանը կներկայացվի ռեժիսոր Յուսուփ Ռազիկովի՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմը:
«ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագրի շրջանակում կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ, ԱՊՀ երկրներից կինոոլորտը ներկայացնող հյուրերն ու ուսանողները կմասնակցեն համատեղ արտադրությանն առնչվող կլոր-սեղան քննարկմանը: Ծրագրի շրջանակում կներկայացվեն ԱՊՀ վերջին տարիների ֆիլմերն ու պատրաստվելիք նախագծերը:
Լեհաստան
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդը, Ադամ Միցկևիչի ինստիտուտի, Լեհական կինոինստիտուտի և Հայաստանում Լեհաստանի հանրապետության դեսպանության հետ համատեղ կիրականացնի «Հայացք: Լեհաստան» ծրագիրը, որի շրջանակներում կանցկացվեն միջոցառումներ թե՛ կինոմասնագետների, թե՛ լայն հանրության համար: Ծրագիրը կընդգրկի ութ ֆիլմի ցուցադրություն, որոնցից չորսը կլինեն լեհ դասական Վոյցեխ Հասի վերականգնված ֆիլմերը, իսկ ժամանակակից լեհական կինոմատոգրաֆի նմուշներ են: Վոյցեխ Հասի «Հրաժեշներ» ֆիլմի վերականգնված տարբերակի առաջին ցուցադրությունը տեղի կունենա Հայաստանում: Լեհական ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 8-ին «Առողջարան «Ավազե ժամեր» ֆիլմով, որի ցուցադրությանը ներկա կգտնվի նաև ֆիլմի գլխավոր դերակատար և լեգենդար դերասան Յան Նովիցիկին: Ցուցադրություններին զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի նաև Վոյցեխ Հասի ֆիլմերի կինոպաստառների ցուցահանդեսը:
Հուլիսի 5-9-ը կինոյի մոնտաժի ինտենսիվ դասընթացներ տեղի կունենան վեց կինոնախածերի համար, որոնք կվարեն Լոձի համալսարանի դասախոսներ Կաշիա Բոնեցկան ու Պիերտաս Բատրոսը: Ի լրումն այս ամենի՝ Լեհաստանից հրավիրված կինոմասնագետները ելույթ կունենան տարբեր քննարկումների, զրույցների ժամանակ և կկիսվեն իրենց փորձով հայ գործընկերների հետ:
Իտալիա
Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ հարգանքի տուրք է մատուցվելու մեծանուն կինոռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիին, ցուցադրվելու է նրա «Երազողները» ֆիլմը (բացօթյա ցուցադրություն): Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում ընդգրկված է կինոքննադատ, Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ Պաոլո Բերտոլինը: Կարճամերտաժ ֆիլմերի տարածաշրջանային ժյուրիում ընդգրկված է իտալացի կինոռեժիսոր Պիպպո Մեզապեսսան:
Շվեդիա
Շվեդիայի դեսպանության հետ համատեղ փառատոնի շրջանակում Հայաստան կժամանի «Women in Film and Television International»-ի նախագահ, պրոդյուսեր Հելեն Գրանքուիստը, ով հանդես կգա կինոյում գենդերային հավասարությանն առնչվող ելույթով:
Միացյալ Թագավորություն
Կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 8-ին Հայաստանում Բրիտանական խորհրդի աջակցությամբ տեղի կունենա վարպետության դաս, որը կվարի բրիտանացի կինոմասնագետ Էլիզաբեթ Քարլսենը: Վերջինս հանդիսանում է «Քոլեթ» ֆիլմի պրոդյուսերը, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ նախորդ տարի Եվրոպական ֆիլմերի փառատոնի ժամանակ: Հուլիսի 9-ին Ս. Փարաջանովի թանգարանում Էլիզաբեթ Քարլսենը կհանդիպի ոլորտի մասնագետների հետ և կանցկացնի իր ֆիլմերում կնոջ կերպարի մարմնավորմանն առնչվող զրույց: Երեկոյի ընթացքում Քարլսենին կշնորհվի «Ոսկե ծիրան» հատուկ մրցանակ: