02/07/2019 17:17
Արարատ Միրզոյանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին հրավիրել է Հայաստան
Հուլիսի 1-2-ը Մոսկվայում ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության եւ փոխադարձ վստահության վրա, ինչը լավ հիմք է երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարային ծրագրեր կյանքի կոչելու համար: Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Ներկայացուցիչների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Սեսիլիա Բոտինոն տեղեկացրել է, որ ընտրվելուց հետո արդեն իսկ հասցրել է հանդիպել հայ համայնքի հետ, որը մեծ դեր ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Նա նշել է, որ իր երկրի խորհրդարանում ամեն տարի իրականացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:
Հայաստանի խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել ուրուգվայցի գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշման համար: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում արդեն իսկ ձեւավորվել է Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խումբը՝ հույս հայտնելով, որ վերջինս ակտիվ գործունեություն կծավալի:
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հայ խորհրդարանականների հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ մոտ օրերս Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը եւս նոր զարկ կտա երկու երկրների միջեւ բազմոլորտ հարաբերություններին:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը հրավիրել է Սեսիլիա Բոտինոյին այցելել Հայաստան: