02/07/2019 14:47
Թբիլիսիում բախումների ժամանակ վիրավորված հայ ցուցարարին կտեղափոխեն հիվանդասենյակ
Վրաստանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Թբիլիսիսում բախումների հետևանքով վնասվածքներ ստացած հայազգի Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակին։ Գրառման մեջ, մասնավորապես, նշված է.
«Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։
Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։
Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ։
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով»։