02/07/2019 14:08
Մեղադրողն ուղղակի խոշտանգում է Մանվել Գրիգորյանին. Փաստաբանները միջնորդում են 10 մլն-ով կալանքից ազատել Մանվել Գրիգորյանին
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանը բերվել էր անվասալյակով, բժիշկների ուղեկցությամբ։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատական նիստը մի պահ նույնիսկ ընդմիջվեց՝ Գրիգորյանին կաթիլային միացնելու համար։
Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին միջնորդեց անհապաղ վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը՝ 10 մլն դրամ գրավի դիմաց։
Փաստաբանը նաև դատարանին ներկայացրեց, որ Գրիգորյանը մի շարք հիվանդություններ ունի, որոնցից երեքը կառավարության համապատասխան որոշմամբ անհամատեղելի են կալանքի հետ։
«Հիվանդությունների տեսակ կա, որի պարագայում արգելվում է, որ մարդը մնա կալանքի տակ։ Այժմ տեղացի հեղինակավոր բժիշկները արձանագրում են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում», -հայտարարեց պաշտպան Բաղդասարյանը։
Մյուս փաստաբան Արսեն Մկրտչյանը իր հերթին հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է։
Մեղադրող դատախազը առարկեց ներկայացված միջնորդությանը՝ այն համարելով «թույլիկ, չհիմնավորված»։ Ավելին, դատախազն ասաց, որ Մանվել Գրիգորյանը իր բուժումը կազմակերպելու համար գտնվում է ոչ թե քրեակատարողական հիմնարկում, այլ՝ քաղաքացիական հիվանդանոցում։
Այս առնչությամբ փաստաբան Մկրտչյանը արձագանքեց. «Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում ոչ թե նրա համար, որ պետական մեղադրողն է այդպես հարմար գտել, այլ Մարու իրավունքների եվրոպական դատարանն է նման պահանջ դրել և ստիպված են եղել Գրիգորյանին տեղափոխել այդ բուժկենտրոն»։
Փաստաբանները շեշտեցին նաև, որ Գրիգորյանը մեկ տարվա ընթացքում առողջական լուջ խնդիրներ է ձեռք բերել. Եթե մեկ տարի առաջ հանգիստ կանգնած շփվում էր մարդկանց հետ,հիմա նրան տեղափոխում ենք պատգարակով կամ սայլակով։
«Մեղադրողն ուղղակի խոշտանգում է Մանվել Գրիգորյանին, սա ուղղակի խոշտանգում է», -հայտարարեց Մկրտչյանը։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Մանվել Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրա կինը Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։