02/07/2019 18:32
Պեկինը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Հոնգկոնգի բողոքի ակցիաների մասնակիցներին (Տեսանյութ)
Չինաստանի կառավարությունը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Հոնգկոնգի օրենսդրական պալատի գրոհի մասնակիցներին, ասվում է ՉԺՀ Պետական խորհրդի հաղորդագրության մեջ:
«Կենտրոնական կառավարությունն աջակցում է Սյանգան վարչական հատուկ շրջանի համապատասխան գերատեսչություններին քննություն սկսելու և հանցագործներին, ու բռնության համար մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում», - մեջբերում է ТАСС -ը չին իշխանությունների հայտարարությունը:
Կառավարությունում նաև աջակցություն են հայտնել Հոնգկոնգի իշխանություններին և իրավապահներին, որոնք ծառայողական պարտքն են կատարում, նաև դատապարտել են բողոքի ակցիայի մասնակիցների գործողությունները, որոնք խախտում են օրենքի գերակայությունը և «Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը:
Չինաստանի իշխանությունները հորդորել են որքան հնարավոր է շուտ վերականգնել կայունությունը շրջանում և ապահովել բնակչության անվտանգությունը:
Ավելի վաղ, Հոնգկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը դատապարտել էր անկարգությունների մասնակիցների գրոհը շրջանի խորհրդարան: