02/07/2019 18:37
Հազիվ թե աշխարհին հետաքրքրի հայկական այն արտադրանքը, որը սքեչից «ֆիլմի» են փորձել վերածել. երիտասարդ ռեժիսոր Նվեր Հովհաննիսյանը՝ հայկական ֆիլմարտադրության մասին
Երիտասարդ ռեժիսոր Նվեր Հովհաննիսյանը շուտով հանրությանը կներկայացնի իր «Հավերժական շարժում» վավերագրական ֆիլմը:
Aysor.am-ի հետ զրույցում ռեժիսորն ընդգծեց՝ ծնված օրվանից մինչև մահ, ու անգամ մահվանից հետո, թե՛ ֆիզիկապես ու թե՛ հոգեպես՝ մարդը միշտ է շարժման մեջ գտնվում:
«Մինչև մահ՝ ֆիզիկապես ու մտքերով մարդն անընդհատ զարգացում է ապրում: Ու մահանալուց հետո էլ, մարդու մարմինը, ձուլվելով բնությանը, կրկին զարգացում է ապրում, մտավոր արժեքներն էլ թողնում է աշխարհին ու զավակներին, որոնք շարունակում են ապրել իր դաստիարակությամբ: Այնպես որ, իմ ֆիլմում ես վերցրել եմ մարդուն՝ որպես հավերժական շարժվող էակ», - նշեց նա:
Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են 2019 թվականի փետրվարի 7-ին, ավարտվել՝ հունիսի 4-ին, այժմ հետարտադրական աշխատանքներն են կատարվում:
Ի դեպ, թեև ֆիլմերի նկարահանումն ազդարարող ափսեներն ավանդաբար ստեղծագործական կազմի կողմից կոտրվում են հենց նկարահանման մեկնարկի օրը, սակայն երիտասարդ ռեժիսորը, կամա թե ակամա, խախտել է ավանդույթը: Ասում է՝ քանի որ դիպլոմային աշխատանքից հետո սա իր առաջին ֆիլմն է, որոշեց ափսեն որպես հիշատակ պահել:
Հարցին՝ չի՞ պատրաստվում արդյոք հանրությանը ներկայանալ նաև լիամետրաժ գեղարվեստական ֆիլմով, Նվեր Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ես երկու սցենար ունեմ, զարգացման փուլի համար Կինոկենտրոն հայտ էի ներկայացրել, բայց որքան հասկացա՝ դեռ չկա այն մոտեցումը, որ պետք է նորավարտ երիտասարդին պետականորեն աջակցել: Մոտեցման փոփոխության կարիք կա»:
Երիտասարդ ռեժիսորը հայկական կինոինդուստրիայից դժգոհ է: Նկատում է՝ կինոն միայն ֆիլմ նկարելը չէ, հատկապես, որ Էժան, հանրության «փոփ» մասսայի համար ինչ-որ թեթև բաներ են նկարում. Չկա՛ պրոդյուսերական դպրոց, չկա՛ աշխատանքի ճիշտ մեթոդ, և, որ կինոյի համար ամենակարևորն է՝ չկա՛ գումար, կամ էլ՝ եղած գումարը ճիշտ չի օգտագործվում: Նկատառմանը, որ վերջին տարիներին հայկական ֆիլմեր շատ են նկարահանվում, արձագանքեց.
«Ես մեծ տարբերություն եմ դնում կինո ու ռեժիսոր բառերի միջև. ինձ համար ամեն մարդ ռեժիսոր չի, ամեն աշխատանք՝ ֆիլմ չի: Այն, ինչ վերջին տարիներին նկարահանվում է, գուցեև դերասաններին ապահովում է ապրուստով, բայց երբ նայում ես այդ ֆիլմի վրա ծախսված գումարին ու որակին, հասկանում ես, որ գրեթե աշխատանք չի արվել: Մարդիկ թվեր են դուրս գրում, որին համապատասխան աշխատանք չեն անում: Մի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում, «քերոցի» է, ամեն մեկը մի բան ձեռնարկում ու փորձում է «քերել»՝ ինչքան հնարավոր է: Չկա սրտացավ վերաբերմունք սեփական աշխատանքի նկատմամբ: Չեն մտածում, որ կարելի է մեկ-մեկ էլ իրենց գրպանից ներդնել, մի լավ գործ անել ու դրսի կինոշուկա մտնել: Թեկուզ՝ հսկա Չինաստանում մի փոքր կինոթատրոնի կինովարձույթ մտնեն, համոզեն, որ իրենց աշխատանքը ցույց տան»:
Դիտարկմանը՝ կհետաքրքրի՞ արդյոք չինացիներին մեր ֆիլմը, ընդգծեց, որ պետք է համամարդկային թեմա ընտրել:
«Այդ ինչպե՞ս է, որ ամերիկացիների ու չինացիների ֆիլմերը մեզ հետաքրքրում են, մերն իրենց՝ ոչ: Պետք է միշտ հիշենք, որ արվեստը համաշխարհային լեզվով ու բովանդակությամբ պիտի մատուցել: Նույնն են էմոցիաները, սերը, ատելությունը… Իհարկե, հազիվ թե աշխարհին հետաքրքրի հայկական այն արտադրանքը, որը սքեչից «ֆիլմի» են փորձել վերածել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նվեր Հովհաննիսյանը: