03/07/2019 12:47
Կարևոր է, որ Ֆրանսիան ձեռնպահ մնա Ադբրեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել ռազմական բալանսն ու խաղաղությունը. ՀՀ ԱԳՆ
Տարածաշրջանում սպառազինության ու մրցավազքի առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն մշտապես նշել է, որ հետամուտ է լինելու այդ հարցին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Ադրբեջանը պատրաստվում է զենք գնել Ֆրանսիայից։
«Այդ հարցը մշտապես բարձրացնում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում», - ասաց նա։
Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, Աննա Նաղդալյանն ասաց, որ Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, որոնք վերաբերում են ռազամաարդյունաբերական ոլորտին, մշտապես ՀՀ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում են։
Նա հիշեցրեց Ֆրանսիայի նախագահի խոսքերը, որն ասել էր, թե Ֆրանսիան միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները ու, որ Ֆրանսիան երբեք Ադրբեջանին չի վաճառի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում։
«Կարևոր է, որ Ֆրանսիան իսկապես հետամուտ լինի այս հարցում ու ձեռնպահ մնա Ադբրեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսն ու խաղաղությունը», - ասաց Աննա Նաղդալյանը։