03/07/2019 18:14
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին ջերմ ընդունելության համար: Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամական կապերի և փոխվստահության վրա՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ դրանք ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն համատեղ ջանքերով:
Մհեր Գրիգորյանը Իրանի նախագահին տեղեկացրել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացման ևս մեկ խթան հանդիսացող ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով նախատեսված հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը և Հասան Ռոհանին մտքեր են փոխանակել նաև էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ: