03/07/2019 09:35
«Հրապարակ». Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել սփյուռքում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետին կից սփյուռքի հանձնակատարի պաշտոնում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել սփյուռքում։ Եթե ամերիկյան համայնքը կարող է իրեն բավարարված զգալ, ապա Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի, Եվրոպայի հայությունը կարծում է, որ սխալ էր ԱՄՆ համայնքի ներկայացուցչին նշանակելը։
Իրավիճակը հարթելու համար Զարեհ Սինանյանը որոշել է իր գործունեությունը սկսել՝ ռուսաստանյան հայաբնակ բնակավայրեր այցելելով։ Այդ տուրնեի ժամանակ փորձելու է ցույց տալ, որ ռուսական հայ համայնքն իրեն խորթ չէ, անգամ ռուսերենին է ինքը տիրապետում։ Բանն այն է, որ նա Հայաստանում է ծնվել և մինչև երրորդ դասարանն անգամ ռուսական դպրոց է հաճախել, ապա տեղափոխվել են ԱՄՆ։
Գլենդելի քաղաքապետն անցած ապրիլին արագ կողմնորոշվեց և առաջնորդեց հեղափոխությանն աջակցողների շարժումը՝ դրանով մերձենալով նոր իշխանություններին և բարձրացնելով իր հեղինակությունը։ Նա դեռ մեկ տարի ուներ քաղաքապետի պաշտոնում, և ամերիկահայերի կարծիքով՝ հաջորդ ընտրություններում էլ կհաղթեր, բայց պաշտոնի եկավ Հայաստան։ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը հասարակական հիմունքներով է, քաղաքապետարան ասվածն էլ սեփական բյուջե չունի»: