03/07/2019 12:35
Ադրբեջանը հրաժարվել է ապահովել Հայաստանի անվտագությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստին
Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ, մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանը։
«Հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմին՝ հյուրընկալող կողմից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ միջոցներ ՀՀ պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների ու, ընդհանրապես, ազգությամբ հայերի այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը, հակահայկական քարոզը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նշեց, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է եղել քարտուղարության հետ ու ջանքեր են գործադրվել՝ ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքներ։
«Սակայն, ի հեճուկս գործադրված ջանքերի, միջոցառումից երկու օր առաջ հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության միջոցներ ՀՀ պատվիրակության անարգելք մուտքը երկիր ու մասնակցությունը միջոցառումին», - ասաց Աննա Նաղդալյանը։
ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով՝ սա իր մեջ արատավոր երևույթ է պարունակում։
«Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարութանն ու անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա ու հանդես գալ դատապարտող դիրքորոշմամբ», - ասաց ԱԳ նախախարության խոսնակը։