03/07/2019 14:10
Վրացական խորհրդարանում տեղի ունեցածը փողոցում տեղի ունեցածի հետ շատ քիչ կապ ունի. քաղաքագետ
Հայաստանը պետք է հստակ պատկերացնի՝ որոնք են իր շահերը։ Իսկ դրանք երեքն են՝ պետականության զարգացում, անվտանգության ապահովում և ՀՀ ազգաբնակչության բարեկեցություն, «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը։
«Բոլոր գործընթացները պետք է դիտարկել այս երեք խնդիրների համատքստում։ Ամեն ինչ պետք է ծառայեցնենք այս երեք խնդիրների լուծմանը։ Ինչ վերաբերում է Վրաստանի հետ մեր անելիքներին, ապա նախ պետք է հստակեցնել փաստերը՝ հասկանալու, թե ինչի հետ գործ ունենք։ Ես վստահ եմ, որ վրացական խորհրդարանում տեղի ունեցածը փողոցվում տեղի ունեցածի հետ շատ քիչ կապ ունի։ Դա ընդամենը կատալիզատոր էր», - նշեց բանախոսը։
Քաղաքագետն անդրադարձավ նաև ռուս զբոսաշրջիկների՝ Վրաստան ներհոսքի խնդրին՝ նկատելով, որ ՌԴ-ն խնդիր ունի սեփական զբոսաշրջիկներով համալրելու Ղրիմը, և եթե չլիներ որևէ քաղաքական գործոն, ամենը կարելի էր դիտարկել տուրիստական հոսքերը Ղրիմ ուղղորդելու տեսանկյունից։
«Բոլոր դեպքերում մենք շատ դինամիկ քաղաքական պրոցեսների կիզակետում ենք գտնվում։ Ունենք ռեգիոնալ լուրջ պրոցեսներ՝ սկսած Իրանի շուրջ զարգացումներից, Մերձավոր Արևելքից, վերջացրած՝ Ուկրաինայով։ Կարևոր գործոն է նաև Վրաստանում և Ռուսաստանում առկա ներքին վիճակը», - ասաց նա։