03/07/2019 16:39
Մադուրոն հայտարարելու է ընդդիմության ներկայացուցիչների հետ համաձայնության հասնելու մասին
Վենեսուելայի իշխանություններն առաջիկա շաբաթներին կհայտարարեն ընդդիմության որոշ ներկայացուցիչների հետ նախնական համաձայնությունների հասնելու մասին, հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն:
«Մեր դռները բաց են քաղաքական երկխոսության համար ընդդիմության ցանկացած առաջնորդի և ներկայացուցչի հետ, և այդ ուղղությամբ նույնպես ամեն ինչ լավ է: Առաջիկա շաբաթներին լավ նորություններ կլինեն այն մասին, թե որքան լավ են ընթանում շփումներն ու բանակցությունները, նաև նախնական համաձայնությունների մասին ընդդիմության տարբեր հատվածների հետ»,- ասել է նա ելույթի ընթացքում, որը հեռարձակվել է «Periscope»-ում:
Մադուրոյի խոսքով՝ Կարակասը շարունակում է պաշտպանել Նորվեգիայի նախաձեռնությունն Օսլոյում Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների անցկացման վերաբերյալ:
«Մենք լիովին պաշտպանում ենք բանակցությունների մշտական գործող սեղան կազմակերպելու գաղափարը», - ավելացրել է նա: