03/07/2019 18:58
Քառասուն տարվա վարորդ ես, չզգացի՞ր, որ խելառ էր. Արմեն Ամիրյանի հուշերն Ալբերտ Մկրտչյանի ու Ռուբեն Գևորգյանցի մասին
ՀՀ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հիշելով հետաքրքիր մի պատմություն՝ կինոռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանի ու Ռուբեն Գևորգյանցի մասնակցությամբ:
«Հաճախ գնում եմ քաղաքային պանթեոն՝ ավագ ընկերներիս այցելելու: Շրջում եմ, հերթով խնկարկում շիրմաքարերը և հիշում անցած, բայց հիշողությանս մեջ մխրճված պատմությունները:
Այդ պատմություններից մեկը կիսում եմ Ձեզ հետ:
Ռուբեն Գևորգյանցն ու Ալբերտ Մկրտչյանը մի քիչ գինովցած տաքսիով գնում են Պրոսպեկտի շուկա: Ճանապարհին մի խոշոր մարդ անհանգիստ շարժումներով կանգնեցնում է մեքենան:
- Ախպեր ջան, կներեք էլի, ինձ կարո՞ղ է շտապ իջեցնեք շուկա:
- Մենք էլ ենք շուկա գնում, արի, ախպեր ջան:
Մարդը նստում է, անհանգիստ և քրտնած ու, նորից ներողություն խնդրելով, ասում.
- Ձմերուկ էի առնում, ակնոցս թողեցի ձմերուկ ծախողի մոտ:
Ալբերտ Մկրտչյանը ցածր, հանգիստ ձայնով, մի քիչ էլ անտարբեր ասում է.
- Բայց ինքը գիտի՞…
- Ո՞վ ինքը…, - զարմանում է մարդը, - չէ, ախպեր ջան, ձմերուկ էի առնում, պատահաբար թողեցի մոտը:
- Ո՞նց չգիտի…բա ակնոցդ թողեցիր, չասեցի՞ր, որ թողել ես…
- Չէ, ախպեր ջան, ասում եմ պատահաբար եղավ:
- Բայց պիտի զգուշացնեիր, - նույն հանգիստ տոնով շարունակում է Ռուբեն Գևորգյանցը:
Տաքսին հասնում է շուկա, մարդը ակնոցը կորցնելու անհանգստությամբ և տաքսու ուղևորների տարօրինակ հարցերից ավելի շփոթված դուռը բացում ու վազում է դեպի շուկա:
Ալբերտ Մկրտչյանն ու Ռուբեն Գևորգյանցը մեկ ռուբլին վճարում են տաքսու վարորդին և պետք է դուրս գային, տաքսու վարորդն ասում է .
- Հլը մի րոպե, ախպեր ջան, մարդն ասում էր՝ ակնոցս թողել եմ, դուք ասում եք պիտի զգուշացնեիր…
- Դու քա՞նի տարի է տաքսու վարորդ ես, - հարցնում է Ռուբեն Գևորգյանցը:
- 40:
- Բա 40 տարվա վարորդ ես, չզգացի՞ր, որ խելառ էր…Բա մարդ ակնոցը թողնում է ձմերուկ ծախողի մոտ ու մի բերան չի ասում, որ թողել եմ», - գրել է Արմեն Ամիրյանը: