03/07/2019 15:57
Հուլիսի 4-ին Լիլիթ Սողոմոնյանը հանդես կգա «Տոսկա» օպերայում
Լիլիթ Սողոմոնյանն արդեն 20 տարի է, ինչ անձնվիրաբար ու սրտացավորեն ծառայում է օպերայի բեմին և ելույթ ունենում ՀՀ ազգային պետական թատրոնում` որպես մեներգչուհի: Այս 20 տարիների ընթացքում Լիլիթը հանդես է եկել բազմաթիվ դերերգերով՝ ամենատարբեր երկրներում.
«Ես միշտ փորձել եմ անել հնարավորինս, որպեսզի հանդիսատեսի առջև հանդես գամ լավագույնս, և, վստահ կարող եմ ասել, որ հանդիսատեսը չափազանց բծախնդիր է ու պահանջկոտ», - ասում է նա:
Օպերային երգչուհու առաջին դերերգը եղել է Վերդիի «Տրուբադոր» օպերան՝ Լեոնորայի դերերգով, երբ նա դեռ 24 տարեկան էր:
Իր ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում հանդես է եկել բազմաթիվ դերերգերով, ինչպես օրինակ՝ Վերդիի «Աիդա» օպերայում՝ Աիդայի դերերգով, Ջակոմո Պուչինիի «Տոսկա» և «Մանոն Լեսկո» օպերաները, Սերգեյ Ռախմանինովի՝ «Ալեկո», Պիետրո Մասկանիի՝ «Գեղջկական ասպետություն», Ամիլկարե Պոնկիելի՝ «Ջոկոնդան» և այլն:
Անցնելով այս մեծ ստեղծագործական ուղին՝ Լիլիթ Սողոմոնյանը հասցրել է միշտ աշխատել ու շփվել հրաշալի ու տաղանդավոր ռեժիսորների ու դիրիժորների հետ և իր մեծ ցանկությունն ու պարտքն է համարում այդ գիտելիքները հետագայում փոխանցել երիտասարդ սերնդին:
Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ելույթ ունենալով և՛ միջազգային բեմերում, և՛ հայրենիքում՝ վերջին 2 տարին օպերային մեներգչուհին հրավերներով հանդես է եկել Չիլլիում՝ Սանտիագոյի «Մունիսիպալ» թատրոնում, Պուչինիի «Տոսկա» և Վերդիի «La Forza del Destino» օպերաներով:
Լիլիթ Սողոմոնյանն ուրախությամբ է նշում, որ հուլիսի 4-ին հանդես է գալու «Տոսկա» օպերայում՝ Տոսկայի դերերգով` Ազգային թատրոնում.
«Հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր ճաաչում ու գնահատում են ինձ ու իմ գործունեությունը: Անհամբերությամբ սպասում եմ ելույթիս, քանի որ 3 տարի է, ինչ այս դերով ինչ-ինչ պատճառներով հանդես չեմ եկել»,-ասում է նա և հավելում, որ ապագայում ծրագրերը շատ են, իսկ առաջարկները՝ բազմազան: Ինքն էլ իր հերթին փորձում է միշտ հանդես գալ այնպես, որ բարձր պահի և՛ արվեստի արժեքը, և՛ երկրի պատիվը: