04/07/2019 13:57
Ֆոսֆորի քանակն այժմ նվազում է, առաջիկա 7-10 օրերի ընթացքում Սևանի կանաչ գույնը կվերանա. նախարար
Այս տարի Սևանի ջրառը շատ ավելի ցածր է, քան անցած տարի՝ մոտ 15-20 մլն խ/մ չափով նվազ է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան՝ անդրադառնալով լճի՝ կրկին կանաչ ջրիմուռներով պատվելու խնդրին։
«Բացի դրանից՝ ջրամբարներում էլի ջուր կա, այնպես որ ավել ջրառ չի եղել։ Բայց ընդհանրապես կուտակային մի քանի գործոններ կան. դա և՛ կեղտաջրերի հոսքն է, և՛ անտառային ափամերձ տարածքների մաքրումը, և՛ ռեստորաններն ու հյուրանոցները։ Մեծ քանակի աղտոտումներ են իրականացվում, նաև կոմունալ-կենցաղային աղտոտումը, որն էականորեն ավելացել է։ Բացի դրանից՝ ջերմաստիճանը։ Տեղումները մայիսին բավականին քիչ են եղել Սևանի շրջանում, քամիների պատճառով մեծ գոլորշացում է եղել», - ասաց նախախարը։
Նա միաժամանակ տեղեկացրեց՝ հաշվարկներ են կատարվել պարզելու, թե որքա՞ն ափամերձ տարածք պետք է մաքրվի, և 2-3 տարվա ընթացքում հնարավոր կլինի՞ Սևանի մակարդակը զգալի բարձրացնել։
«Ջրում ճահճացած տարածքներն ամբողջությամբ ուսումնասիրվել են՝ 2 մասնագիտական խմբերով, դրոններով, տիեզերական պատկերներով։ Մոտ 770 հա տարածքի մասին է խոսքը, և այս տարի արդեն մաքրման մրցույթ է հայտարարված։ Կանենք ավելին, քան նախատեսված է։ 2020-2021 թվականներին այս ամբողջ տարածքը կմաքրվի», - ասաց Էրիկ Գրիգորյանը։
Կրկին անդրադառնալով Սևանա լճի «ծաղկման» խնդրին՝ նախարարը նշեց, որ նպաստող գործոնները մի քանիսն են՝ ներառյալ մարդկային գործոնը և գլոբալ տաքացումը։
«Ուսումնասիրություների առաջին փուլն արդեն ավարտված է։ Օրինակ՝ ֆոսֆորի տվյալները լճի ջրում ավելացել են։ Մաքրման 3 կայանները միայն մեխանիկական մաքրում են իրականացնում, իսկ ահա ջրի որոկի լավացում՝ ոչ։ Ֆոսֆորի քանակն այժմ նվազում է, և ըստ մասնագետների՝ առաջիկա 7-10 օրերի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա», - ասաց Էրիկ Գրիգորյանը։