04/07/2019 17:42
Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա. Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը վստահեցնում է` ՍԴ-ում ճգնաժամ չկա։
«Սահամանադրական դատարանի դատավորների հավաքական դիրքորոշումը տեսել եք հայտարարության տեքստում», - լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, Հրայր Թովմասյանը պատասխանեց.
«Չկա իրավիճակ, որպեսզի դա լուծում ունենա, չկա խնդիր, որը լուծում ունենա, ես խնդիր չեմ տեսնում, եթե խնդիր չեմ տեսնում, ապա լուծման մասին չեմ կարող խոսել»։
Հրայր Թովմասյանն ասաց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ աշխատում է հանգիստ։
«Գործեր ենք մակագրում, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում, այսպես», - ասաց նա։
Հարցին՝ այնուամենայնիվ, ինքը ՍԴ դատավո՞ր է, թե՞ անդամ, Հրայր Թովմասյանն արձագանքեց.
«Ես Սահմանադրական դատարանի նախագահն եմ»։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ոչ»։
Դիտարկմանը, թե անգամ եթե Վահե Գրիգորյանն ասում էր, որ ճգնաժամային իրավիճակ է, ՍԴ նախագահն ասաց.
«Էդ որ ասում եք՝ անգամ, անգամը կարող է լինել, եթե Աստված ասի, էդ «անգամ Վահե Գրիգորյան» նախադասությունն ինձ համար ընդհանրապես այդքան էլ հասկանալի չէ»։