04/07/2019 16:56
ԱՄՆ-ում դատարանը Թրամփին թույլ չի տվել պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին
Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող ԱՄՆ-ի 9-որդ օկրուգի վերաքննիչ դատարանը չորեքշաբթի որոշել է ուժի մեջ թողնել ավելի վաղ կայացված վճիռները, որոնք արգելում են Պենտագոնի բյուջեից միջոցների տրամադրումը Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար: Վճիռը հրապարակվել է դատարանի կայքում:
Այն մերժել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությունը, որը փորձում էր վիճարկել Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի դաշնային դատարանի որոշումները, որոնք կայացվել էին մայիսին և հունիսին:
Դրանցում ասված էր, որ ԱՄՆ-ի վարչակազմը չի կարող Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության բյուջեից միջոցներ ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար առանց ԱՄՆ-ի Կոնգրեսի համաձայնության:
Այսպիսով, դաշնային դատարանը բավարարել է մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների և ԱՄՆ-ի մի շարք նահանգների իշխանությունների հայցերը, որտեղ նահանգապետերը դեմոկրատներ են:
Վերաքննիչ դատարանի վճռում նաև ընդգծված է, որ այն որոշումները, որոնք վերաբերում են տվյալ միջոցների տրամադրմանը, պետք է ընդունեն ԱՄՆ-ի Կոնգրեսի օրենսդիրները:
Միացյալ Նահանգների ղեկավարը ձգտում է Պենտագոնի միջոցներից հիշյալ նպատակի համար մոտավորապես 2,5 միլիարդ դոլարի հատկացման հասնել։