04/07/2019 19:01
Ես և ամուսինս համաձայնվել ենք այս օրն այնտեղ անցկացնել, քանի որ շատ ենք սիրում իրենց ընտանիքը. Հասմիկ Կարապետյանը դարձավ 42 տարեկան
Երգչուհի Հասմիկ Կարապետյանն այսօր նշում է ծննդյան 42-ամյակը: Aysor.am-ի հետ զրույցում երգչուհին խոստովանեց՝ հատկապես վերջին տարիներին իր ծննդյան օրերին չի ոգևորվում, գիտակցում է՝ տարիքն ավելանում է: Մեկտեղ՝ շրջապատի մարդիկ են տարբեր, վերաբերմունքն ու մոտեցումն է փոխվել:
«Կյանքն է փոխվել, մարդիկ են փոխվել, չկա այն ջերմությունը, միմյանց հանդեպ հոգատարությունը: Շատ քչերն են, որ նույնն են մնացել: Միգուցե, մեղադրելու չէ, պայմաններն են ստիպում՝ չգիտեմ: Ճիշտ է, տարիքս ինձ էներգետիկորեն արդեն մի քիչ կաշկանդում է, բայց ես այն երբեք չեմ թաքցրել: Հատկապես, որ հոգեպես ինձ շատ երիտասարդ եմ զգում: Իհարկե, ինձ դեռ շատ փոքր են տալիս՝ առավելագույնը 35-36 տարեկան: Դա ինձ ուրախացնում է, բայց ինքս ինձ վրա տարիքի ազդեցությունը մեկ բանով եմ զգում՝ էներգիայի պակասով: Հիմա ավելի շատ հանգստի կարիք ունեմ, էլ չեմ կարող վատնել էներգիաս», - մեզ հետ զրույցում նշեց հոբելյարը:
Այնուամենայնիվ, թե որտեղ ու ինչպես կանցկացնի իր 42-ամյակը՝ դեռ ամիսներ առաջ է որոշվել. կմեկտեղի մտերիմ ընկերուհու որդու նշանադրությունն ու իր տարեդարձը:
«Ամիսներ առաջ տեղեկացանք, որ այսօր հրավիրված ենք իմ շատ մտերիմ ընկերուհու տղայի նշանադրությանը: Ես և ամուսինս համաձայնվել ենք այս օրն այնտեղ անցկացնել, քանի որ շատ ենք սիրում իրենց ընտանիքը: Բացօթյա, գեղեցիկ մի վայրում միասին կնշենք», - մանրամասնեց նա:
Անդրադառնալով 42 տարիների ձեռքբերումներին ու կորուստներին՝ երգչուհին ընդգծեց՝ կորուստների համար ափսոսում է, իսկ ձեռքբերումներով՝ հպարտանում:
«Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում: Պարզապես շատ եմ կարոտում երգարվեստը, քանի որ փոքրիկիս խնամքի պատճառով չեմ կարող ստեղծագործական ակտիվ գործունեությամբ զբաղվել: Աղջիկս դեռ 2,5 տարեկան է: Օրերն եմ հաշվում, թե երբ կրկին իմ աշխատանքին կանցնեմ», - եզրափակեց երգչուհին:
Aysor.am-ը շնորհավորում է Հասմիկ Կարապետյանին, մաղթում երջանկություն ու նոր ձեռքբերումներ։