04/07/2019 14:15
«Բումերանգ». քաղաքական ուղղվածությամբ կատակերգության գաղափարն առաջացել է հետհեղափոխական շրջանում
Իրանահայ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը հայաստանյան բեմի համար իր հերթական ներկայացումն է պատրաստում: Քաղաքական ուղղվածությամբ կատակերգության գաղափարն առաջացել է հետհեղափոխական շրջանում. 2018 թվականի հունիս-հուլիս ամսից ռեժիսորն ու սցենարիստ Արմեն Վարդանյանը որոշեցին՝ կարելի է ներկայացում պատրաստել հեղափոխության ու դրանից հետո առաջացած հասարակական դասակարգի մասին, ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր հասարակության մեջ:
Պիեսի հերոսը մինչհեղափոխական շրջանի օլիգարխի կերպարն է, ով իր պահեստներից մեկում թաքնվում է ԱԱԾ-ից: Հիմքում բումերանգի օրենքն է՝ «ինչ անես՝ քեզ է վերադառնում»: Հենց այդտեղից էլ առաջացել է կատակերգության վերնագիրը՝ «Բումերանգ»:
«Օլիգարխն ունի մեկ հաշվապահ, մեկ քարտուղարուհի-սիրուհի, ովքեր երկկողմ խաղ են խաղում՝ մի քիչ ներկա, մի քիչ նախկին իշխանությունների կողմից են: Այսպես ասած՝ քամին որտեղից փչում է, այդ կողմ էլ գնում են: Ունի թմրամոլ որդի, որն էլ իր հերթին հեղափոխական ընկերուհի ունի… Օլիգարխը մտածում է, որ այլ ելք չունի, պետք է ինքնասպանություն գործի, բայց հայտնվում է անծանոթ մի կին ու նրա կյանքի ուղղին փոխում», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Սեդրակ Գոջամանյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ կարևոր մեսսիջն այն է, որ հեղափոխությունից հետո մարդիկ ինքնամաքրվեն, հեղափոխության պատգամը հենց դա պետք է լիներ և ոչ թե միմյանց անընդհատ քարկոծելն ու ցեխ շպրտելն իրար վրա:
Հարցին՝ արդյոք քաղաքական ենթատեքստով ներկայացման առաջնախաղին կհրավիրվե՞ն քաղաքական նախկին ու ներկա գործիչներ, պատասխանեց.
«Հատուկ հյուրերի ցանկ չունենք, հրավիրակարգ չկա, բայց ուրախ կլիենենք հյուրընկալել նրանց, ովքեր ցանկանում են գալ ու նայել: Մեր ներկայացման ասելիքն ընդհանուր է, ուղղված է հասարակության բոլոր շերտերին, կոնկրետ ինչ-որ թիմի, խմբի ասելիք չի: Այս հեղափոխությունը կոչվում էր «սիրո և համերաշխության հեղափոխություն», բայց այն, ինչ տեսնում ենք հեղափոխությունից հետո՝ սեր ու համերաշխություն չի: Մի քիչ նախկինները պետք է լեզունները կարճ պահեն, մի քիչ ներկաները պետք է ավելի հանդուրժողական լինեն, որպեսզի սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունը կայանա»:
Ներկայացման սցենարը թղթին է հանձնվել նախորդ տարվա օգոստոսի վերջից, պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է: Փորձերը սկսվել են տարեվերջից: Ի դեպ, ռեժիսորը հուշեց՝ որևէ կերպարի պետք չէ նույնացնել իրական անձանց հետ, բոլորն էլ հավաքական կերպարներ են:
Օլիգարխին մարմնավորում է Լևոն Հարությունյանը, հաշվապահին՝ Անդրանիկ Հարությունյանը: Քարտուղարուհու դերում Ժաննա Հովակիմյանն է, անծանոթ կնոջ դերում՝ Լուիզա Ներսիսյանը: Օլիգարխի որդու դերակատարը Վահե Զիրոյանն է, նրա ընկերուհին՝ Միլենա Ավանեսյանը:
Նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանինն է, երաժշտությունը գրել է Վահիկ Գրիգորյանը: Պաստառի լուսանկարն ու գրաֆիկական դիզայնը պատկանում է Արվին Քոչարյանին:
«Բումերանգ»-ի առաջնախաղերը տեղի կունենան հուլիսի 25-ին և 26-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական թատրոնում: Նշենք, որ «Բումերանգն» այս թատրոնի խաղացանկային ներկայացում չէ, սա անտրեպրիզային աշխատանք է: