05/07/2019 10:14
«Փաստ». Վարչապետի այցը Վիետնամ բավականին հապշտապ ու հանպատրաստից է եղել
«Փաստ» թերթը գրում է.
«Այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրը, վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Վիետնամ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս այցը բավականին հապշտապ ու հանպատրաստից է եղել: Ուշագրավ է, որ դեռևս մայիսի 24-ին նախագահի հրամանագրով հետ է կանչվել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, միաժամանակ Վիետնամում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վահրամ Կաժոյանը, որը, սակայն, որքան էլ զարմանալի է, դեռևս իր հավատարմագրերը չի հանձնել Վիետնամի իշխանություններին:
Այսինքն, ստացվում է, որ վարչապետը մեկնում է մի երկիր, որտեղ ՀՀ դեսպանը չի հանձնել իր հավատարմագրերը, այսինքն՝ ՀՀ-ն փաստացի ներկա պահին չունի ներկայացուցիչ:
Դիվանագիտական կորպուսի փորձառու մեր զրուցակիցը, որ չցանկացավ իր անունը հրապարակել, նշեց, թե նման վիճակն անհասկանալի է, քանզի կարելի էր մի 10 օր սպասել, մինչև նոր դեսպանը հավատարմագրերը կհանձներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։