06/07/2019 13:30
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Բաբելոնը ներառել է Համաշխարհային ժառանգության ցուցակում
Ժամանակակից Իրաքի տարածքում գտնվող հնագույն քաղաք Բաբելոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Որոշումը կայացվել է ուրբաթ օրը՝ Բաքվում ընթացող Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նիստի ընթացքում։
Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նիստի ընթացքում դիտարկվում էր 35 օբյեկտի թեկնածություն՝ այդ ցանկում ներառելու համար, հայտնում են միջազգային կազմակերպությունից:
Բաբելոնը Միջագետքի քաղաքներից մեկն է, որը գտնվում է Աքքադի պատմական շրջանում: Այն Հին աշխարհի կարևոր քաղաքական, տնտեսական, մշակութային և կրոնական կենտրոն էր: Միևնույն ժամանակ, այն դարձել էր առաջին մեգապոլիսը՝ մարդկության հնագույն պատմության խոշորագույն քաղաքներից մեկը:
Բաբելոնի մասին առաջին հիշատակումը եղել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Ներկայումս քաղաքի փլատակները գտնվում են Բաղդադից 90 կմ հեռավորության վրա: Փլատակների տարածքը կազմում է 10 ք/կմ: Դրանից միայն 15 տոկոսի տարածքում են անցկացվել հնագիտական պեղումներ: