08/07/2019 18:48
Ճապոնիան կոչ է արել Իրանին անհապաղ վերադառնալ միջուկային գործարքի համաձայնագրի կատարմանը
Ճապոնիայի կառավարությունն անհնագստություն է հայտնել Իրանի մտադրության հետ կապված՝ սկսել 3,67 տոկոսի մակարդակից բարձր ուրանի հարստացումը, և կոչ է արել անհապաղ վերադառնալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) պարտավորությունների կատարմանը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է երկրի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յասուտոսի Նիսիմուրան:
«Մենք տեղյակ ենք իրանական կողմի հայտարարություններին. դրանք մեզ լրջորեն անհանգստացնում են։ Մենք կողմ ենք կայունությանը Մերձավոր Արևելքում և կոչ ենք անում Իրանին անհապաղ վերադառնալ միջուկային գործարքի պարտավորությունների կատարմանը և խախտումներ թույլ չտալ», - ընդգծել է նա։
Նիսիմուրան նաև նշել է, որ ճապոնական կողմը հույս ունի, որ առաջիկայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կկարողանա ստուգել՝ արդյոք Իրանը կատարել է այն քայլերը, որոնց մասին հայտարարել է անցած հանգստյան օրերին։
Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արագչին տեղեկացրել է, որ Թեհրանը հուլիսի 7-ից անցնում է ԳՀՀԾ պարտավորությունների կրճատման երկրորդ փուլին և սկսում է ուրանի հարստացումը 3,67 տոկոս մակարդակից ավելի։ Առաջիկայում Թեհրանը մտադիր է հասնել ուրանի հարստացման հինգտոկոսանոց մակարդակի, ինչն անհրաժեշտ է «Բուշեհր» ատոմակայանի էներգաբլոկների սնուցման համար։
Փոխնախարարի խոսքով՝ միջուկային գործարքի պարտավորությունների կրճատումը տեղի կունենա ամեն 60 օրը մեկ, եթե դրա մասնակիցները չպահպանեն ձեռք բերված պայմանավորվածությունները։