08/07/2019 10:50
Տաջիկստանում հացից 14 դատապարտյալ է մահացու թունավորվել
Տաջիկստանում 14 դատապարտյալ գաղութ տեղափոխելիս թունավորվել է նրանց բաժանած հացից, հայտնել են РИА Новости-ին երկրի Արդարդատության նախարարության քրեական պատիժների կատարման վարչությունից:
Գերատեսչությունից հայտնել են, որ դատապարտված 120 տղամարդու և 8 կնոջ 3 մեքենաներով Հուջանդ և Իստարավշան քաղաքներից տեղափոխում էին Դուշանբե և Նուրեկ՝ այնտեղ հետագա պատիժը կրելու: Սահմանված նորմերի համաձայն՝ ճանապարհին ըստ անհրաժեշտության 6 անգամ կայանել են:
«Դուշանբեի մոտ Մայխուրա տեղանքում երեկոյան դատապարտյալներից մեկը 3 բոքոն է բաժանել 16 դատապարտյալների: Հացը գործածելուց կես ժամ հետո ավտոմեքենայի թափքի մեջ գտնվող 16 դատապարտյալների մոտ սրտխառնոց, գլխապտույտ եւ փսխում է սկսվել: Եվս կես ժամ հետո, երբ ավտոմեքենան մտել է ուղղիչ հաստատություն, հացը գործածած 16-ն էլ գիտակցությունը կորցրել են»,- ասել են վարչությունից:
Բժիշկներին հաջողվել է փրկել միայն 2 դատապարտյալի կյանքը:
Թունավորման փաստով, որը հանգեցրել է 14 դատապարտյալի մահվանը, գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, ստեղծվել է հատուկ քննչական խումբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննությունը երկրի գլխավոր դատախազ Յուսուֆ Ռահմոնի վերահոսկողության ներքո է: