09/07/2019 11:54
Սևանի կանաչելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ լճում կար սառը շերտ, որը լճի մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր. Նախարար
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը օգտագործեց առիթը և օրինագիծը պատգամավորներին ներկայացնելու համար խորհրդարան եկած Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց Սևանի ներկայիս վիճակի ու դրա ճակատագրի մասին։
«Ի՞նչ է կատարվում Սևանա լճի հետ, կա արդյոք փորձագիտական եզրակացություն, թե պատճառն ինչ է, և խնդիրն ինչպե՞ս պետք է լուծել» - նախարարից հետաքրքրվեց Մարուքյանը։
Հիշեցնենք՝ վերջին օրերին բնապահպանները ահազանգում են Սևանա լճի ջրի կանաչելու մասին ու դա վկայող լուսանկարներ են ակտիվորեն տարածվում սոցիալական ցանցերում։ Նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ «Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին», - ասված էր հայտարարության մեջ, որտեղ նշվել էին նաև ծաղկման պատճառները։
Ի պատասխան Էրիկ Գրիգորյանը նշեց, որ գործոնները մի քանիսն են և տեղեկացրեց, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը առկա է նաև Սև ծովում, Բայկալ լճում և այլ լճերում։ Նախարարի խոսքով՝ խնդիրները մի քանի աղբյուրներից են, օրինակ՝ կեղտաջրերից։
«Մեկն այն է, որ Գեղարքունիքում ձևավորվող կեղտաջրերի, կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից այդ ամբողջ նյութերը աղտոտող։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում լիճ։ Հիմնական պատճառը այն էր, որ Սևանում կար հիպոլինիում կոչվող սառը շերտ, որը լճի մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր և լճի մակարդակի 6 մետր բարձրացումը պետք է բերի այդ սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որպեսզի այդ օրգանական նյութերի աճը պակասի, ինչի հետևանքով Սևանա լճի ջուրը մնա բարձր որակի», - ասաց նա։
Նախարարը վստահեցրեց, որ իրենց նախարարությունը մշտական մոնիտորինգ է իրականացնում։ Բացի այդ, պատրաստվում են միջազգային երկու կազմակերպությունների հետ համագործակցել Սևանա լճի վիճակի բարելավման համար։ Մասնավորապես, ըստ նախարարի, Սևանա լճին կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալու հետ կապված համագործակցում են UNESCO-ի հետ, բացի այդ, դիմել են Գերմանիայի կառավարությանը, որպեսզի գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտների մասնակցությամբ իրականացնեն հետազոտություններ։
Խնդրի լուծման ուղղությամբ արվող քայլեր մասով նախարարն ասաց, որ անընդհատ մոնիտորինգ են անում և դիտակետեր ունեն, բացի այդ, երկու միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ են ստեղծել։
«Այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կլինի և հստակ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն։ Բայց գործոնները տարբեր են, նշածներից բացի, ևս մի շարք պատճառներ կան, այդ թվում՝ ցանցավանդակային տնտեսություններ և մի քանի այլ գործոններ նույնպես», - հայտարարեց նախարարը։