09/07/2019 12:16
Սևանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների հետ կապված ուսումնասիրության տվյալները նախարարությունն ուղարկել է դատախազություն. Էրիկ Գրիգորյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր ապօրինի անտառահատման համար պատիժը խստացնող օրինագիծը, խոսեց Սևանա լճի ներկայիս վիճակի մասին, նկատեց, որ լճի մաքրման համար պետբյուջեից հատկացվել են հսկայական գումարներ, որոնք, պարզվում է, նպատակին չեն ծառայել։
«2012 թվականից ի վեր լճի մակարդակի բարձրացումը արհեստականորեն կասեցվել է, ափամերձ տարածքները չեն մաքրվել։ Արդյոք այս ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են, որպեսզի նաև պատասխանատվության կանչվեն որոշ պատասխանատուներ», - հետաքրքրվեց Գայանե Աբրահամյանը։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ի պատասխան ասաց, որ Սևանա լճից ջուր է բաց թողնվել՝ բավարարելու ջրային պետական կոմիտեի պահանջը և այդ պատճառով էլ ջրի մակարդակը չի բարձրացել։
«Դատախազությունը տրամադրել է տեղեկություններ, որի համաձայն, քրեական գործեր են հարուցվել ջրօգտագործող կազմակերպությունների նկատմամբ՝ 2.8 մլրդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու և ֆիկտիվ պայմանագրեր կնքելով ջրի լրացուցիչ առաջարկ ներկայացնելով։ Կարծում եմ՝ այս գործի արդյունքում որոշակի բացահայտումներ կլինեն։ Նաև, եթե չեմ սխալվում, քրեական գործ կա հարուցված Արփա-Սևան թունելի շինարարության հետ կապված, որից կպարզվի, թե որքանով է սուբյեկտիվ եղել դրա աշխատանքը», - հավելեց նախարարը։
Ափամերձ տարածքների մաքրման հետ կապված, պաշտոնյան տեղեկացրեց, որ մանրամասն ուսումնասիրություններ են իրականացրել, ինչի արդյունքները ուղարկել են դատախազություն։
Նշենք, որ բնապահպանները ահազանգում են Սևանա լճի ջուրը կանաչելու մասին, որի պատճառները, ըստ նախարարի տարբեր են։ Դրանց թվում է նաև Սևանա լճի մակարդակի նվազումը։ Նախարարը նաև տեղեկացրել էր, որ խնդիրը լուծելու համար դիմել են միջազգային մի շարք կառույցների օգնությանը։