09/07/2019 19:07
Այս կարգի տեսահոլովակները մեր օրերում քիչ են ու պետք են. դերասան Հակոբ Քիշմիրյանը նոր նախագծով է հանդես գալիս (Տեսանյութ)
Երիտասարդ դերասան Հակոբ Քիշմիրյանը վերջին շրջանում հանդես է գալիս ինքնատիպ տեսահոլովակներով, որոնց միջոցով հանրությանն է ներկայացնում հայ և աշխարհահռչակ ստեղծագործողների աշխատանքները: Դերասանի անդրանիկ տեսահոլովակը Ուիլիամ Շեքսպիրի «Սոնետ 129»-ն էր, այնուհետև հաջորդեց Պարույր Սևակի «Անկեղծ ասած»-ը:
Aysor.am-ի հետ զրույցում Հ. Քիշմիրյանն ընդգծեց՝ ինքը ոչ միայն կարդում է ստեղծագործություններն, այլև անձամբ է ընտրում դրանց ֆոնին հնչող երաժշտությունները, տեսահոլովակների ֆորմատն ու դրանցում առկա տեսարանները:
«Այս գաղափարն ինձ մոտ պատահական է առաջացել: Ամբողջն իմ մտքերն են՝ երաժշտություն, տեսարանների պատկերացում և այլն… Մտահղացումս իրականացնելու հարցում, իհարկե, ինձ շատ օգնեց օպերատոր Դավիթ Ադիլխանյանը: Նա հստակ ընկալեց, թե ինչ եմ ես ուզում, ու դրա համար շատ շնորհակալ եմ իրեն: Կարծում եմ՝ Սևակի «Անկեղծ ասած»-ի համար հետաքրքիր տեսահոլովակ էի մտածել: Տեսահոլովակների հետ կապված բազմաթիվ մտքեր ունեմ, այս կարգի տեսահոլովակները մեր օրերում քիչ են ու պետք են: Ինչ խոսք, նաև հովանավոր եմ փնտրում, ով կօգնի էլ ավելի հետաքրքիր գաղափարներ իրականացնել», - նշեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, դերասանը Շեքսպիրյան սոնետը կարդում է չթարգմանված՝ անգլերենով, ինչը որոշակի առոգանություն է մտցրել ընթերցանության մեջ ու հանրության կողմից քննարկման առիթ դարձել: Մտահղացման հեղինակը չի հերքում՝ ակցենտ կա, մեկտեղ նկատում է՝ նախագիծը ստացված է, հատկապես, որ այն դեռևս միայն սիրողական քայլ է:
«Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե պաշտպանվում եմ. իհարկե, կա ակցենտ, ու դա նորմալ է: Պատկերացրեք, օրինակ՝ հնդիկը հայերենով Սահյան կարդա: Բնական չէ՞, որ առոգանություն կլինի: Բայց, եթե լավ կարդա, այդ փոքրիկ նյուանսը կմնա երկրորդ պլանում: Եվ ասեմ՝ արդեն պատրաստվում եմ մյուս սոնետին՝ կրկին անգլերենով: Առաջիկայում տարբեր ստեղծագործողների եմ անդրադառնալու», - ժպիտով մանրամասնեց նա:
Հակոբ Քիշմիրյանը մի քանի տարի առաջ համալրում էր «Շանթ» հեռուստաընկերության սերիալային ընտանիքը: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված էկրանային երկարատև պասիվությունն ու ի՞նչ զբաղվածություն ունի ներկայումս, պատասխանեց.
«Ներկա պահին ունեմ ոչ մասնագիտական աշխատանք: Իհարկե, գործս սիրով եմ անում, բայց միևնույն է՝ իմը չէ: Իմը բեմը և էկրանն է… Ինչ վերաբերում է էկրանային լռությանը՝ բարդ հարց տվեցիք. Կարծում եմ՝ լավ ծանոթ չունեմ (ծիծաղում է- հեղ.)։ Անկեղծ ասած՝ եղել են մի քանի առաջարկներ, բայց տարբեր պատճառներով հրաժարվել եմ: Ներկայումս սպասում եմ առաջարկի, բայց՝ հետաքրքիր կերպարի առաջարկի»:
Մեզ հետ ունեցած նախորդ զրույցում դերասանն ասել էր, որ թատրոնում ընդգրկվելու նպատակով դիմել է մի քանի թատրոններ, սակայն պատասխան է ստացել, որ հաստիք չունեն: Նկատառմանը՝ շարունակո՞ւմ է փնտրտուքը, թե՞ թատրոնն այլևս նրան չի գրավում, նշեց.
«Թատրոնի փնտրտուքը դադարեցրել եմ, հիմա ինձ միայն իմ տեսահոլովակների մտքերն են «խեղդում», որոնց անպայման պետք է կյանքի կոչեմ: Իսկ բեմ, կարծում եմ, կոմերցիոն ներկայացումով կբարձրանամ: Միտք ունեմ նոր ու հզոր ներկայացում բեմադրել, բայց մանրամասների մասին հիմա չեմ խոսի»:
Մեկ տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հաճախ է խոսվում այն մասին, որ տարբեր բնագավառներում հեղափոխություն է անհրաժեշտ՝ ոլորտն առողջացնելու նպատակով: Դերասանը շեշտում է՝ իր ասպարեզում որևէ փոփոխություն չի նշմարվում:
«Նույն սերիալներն են, նույն շոուները, նույն դեմքերն ու նույն ոճը: Շատ ափսոս է մեր արվեստը, որտեղ մենք՝ հայերս, անփոխարինելի անուններ ու վերելքներ ենք ունեցել: Հիմա շատ արագ քայլերով հետ ենք գնում, ցավոք: Աբսուրդ է նաև այն, որ Թատերական ինստիտուտի դիմորդների թիվն այս տարի, կարելի է ասել, 80 տոկոսով նվազել է: Դա լավ բանի չի հանգեցնի, մտածելու տեղիք է տալիս: Ու գիտե՞ք պատճառն ինչն է՝ չեն ուզում 4 տարի անիմաստ ժամանակ ու գումար ծախսել, միևնույն է՝ սերիալում են նկարվելու, իսկ ո՞վ չի կարող այսօր այնտեղ հայտնվել, մասնագիտական կրթությունը պարտադիր չի չէ՞: Բայց ապրենք հույսով, որ մի օր այս բնագավառն էլ կառողջանա», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հակոբ Քիշմիրյանը: