09/07/2019 14:04
ՊԵԿ-ն ուրախ կլինի, եթե ԱԱԾ-ն օգնի իրեն՝ եկամուտները չհայտարարագրած երգիչներին բացահայտելու. Դավիթ Անանյան (Տեսանյութ)
ՊԵԿ-ը գնահատում է յուրաքանչյուր երգչի վարքագիծը և յուրաքանչյուր երգչի անձնական նամակով հրավիրելու է ՊԵԿ քննարկումների, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից իրենց կողմից ստացած եկամուտները մենք կարծում ենք, որ չեն հայտարարագրվել», - ասաց Դավիթ Անանյանը։
Նա նշեց, որ 2019 թվականի հունիսից ՊԵԿ-ը սկսել է կոշտ մեթոդներ կիրառել շոու բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր թաքցնում են եկամուտները և չեն հայտարարագրում։
Հարցին, թե ի՞նչ կոշտ մեթոդների մասին է խոսքը, ՊԵԿ նախագահը հստակեցրեց.
«Ես կարծում եմ, որ, օրինակ, վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ անվանական նամակ է գրվում և նրան, ըստ էության, առերևույթ մեղադրանք է ներկայացվում, որ, օրինակ, միջոցառման ժամանակ Դուք որևէ կերպ չեք հայտարարագրել Ձեր եկամուտները, դրանից կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում»։
Մյուս հարցին՝ հնարավոր է ԱԱԾ-ն օգնի ՊԵԿ-ին, բացահայտելու եկամուտները թաքցրած երգիչներին, Դավիթ Անանյանը պատասխանեց.
«Պատկերացրեք, մենք էլ ունենք հմապատասխան գործիքակազմ՝ այդպիսի բաներ հայտնաբերելու։ Բայց մեր գործընկերները, եթե մեզ օգնեն, ուրախ կլինենք»։