11/07/2019 18:28
Ծնվել է դերասան Էրվին Ամիրյանի և ռեժիսոր Նորա Գրիգորյանի երրորդ երեխան՝ Ալեքսանդրան
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասան Էրվին Ամիրյանն ու ռեժիսոր Նորա Գրիգորյանը կրկին բալիկ են ունեցել: 3 կգ 80 գրամ քաշով ու 43 սմ հասակով Ալեքսանդրան լույս աշխարհ է եկել հուլիսի 10-ին՝ ժամը 10:35-ին:
«Երեխային առաջինը, բնականաբար, Նորան է տեսել, ու հասցրեց անմիջապես ինձ պատմել նրա մասին: Ոգևորված ասում էր՝ շատ համով, շատ սիրուն, շատ քաղցր ու անուշ բալա է: Ինչպես բոլոր երեխաներն իրենց մայրերի համար», - Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով նշեց Էրվին Ամիրյանը:
Անդրադառնալով անվան ընտրությանը՝ մեր զրուցակիցն ընդգծեց՝ մտահղացումը Նորայինն էր. ամեն ինչ սկսվել է նրա քույրիկի երազից, որը հուշել է ռեժիսորի հղիության լուրն ու երեխայի անունը: Ի դեպ, Ալեքսանդրան կրում է պապիկի՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանի անունը:
«Երբ Նորան ինձ պատմեց երազի մասին, իհարկե, մեծ սիրով համաձայնվեցի, որ նա այդ անունը կրի», - նկատեց նա:
Փոքրիկն ամուսինների երրորդ երեխան է ու երկրորդ դուստրը, նրանց առաջնեկները զույգեր են, որոնք շուտով 3 տարեկան կդառնան: Դերասանը խոստովանում է՝ զգացողությունները տարբեր են, ընդհանուր է միայն մեկ բան՝ ուրախությունը:
«Առաջնեկներիս դեպքում ամեն ինչ ինձ համար նոր էր, չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Բառերով չեմ կարող բացատրել զգացմունքներս: Հիմա մի քիչ ավելի վստահ եմ, նյարդերս հանգիստ են, լարված չեմ: Վայելում եմ ինձ ընձեռված հրաշքը», - շեշտեց նա:
Փոքրիկներն անհամբերությամբ են սպասում իրենց ընտանիքի նոր անդամին: Հայրիկին անընդհատ հարցնում են՝ «А где наша ляля-Саша?»: Նորան և Ալեքսանդրան տանը կլինեն, հավանաբար, երկու-երեք օրից:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Էրվին Ամիրյանին և Նորա Գրիգորյանին, փոքրիկին էլ մաղթում ենք անհոգ ու առողջ տարիներ: