11/07/2019 10:05
«168 Ժամ». Մուտքի արտոնագրերի դյուրացման համար ԵՄ-ն խիստ պահանջներ է դնում. Զաշտովտ
«168 Ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը, անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման բանակցությունների մեկնարկին, ասել է. «ՀՀ-ԵՄ վիզային բանակցությունների մեկնարկը երկարաձգվում է մի շարք պատճառներով։ Դրանցից առաջինն այն է, որ միգրացիոն ճգնաժամը Մերձավոր Արևելքից լրջորեն հարվածեց Եվրոպական միությանը՝ լուրջ մտահոգություններ առաջացնելով ԵՄ անդամ երկրների քաղաքացիների շրջանում։ Սա, բնականաբար, ստեղծել է մի իրավիճակ, երբ ԵՄ դիրքորոշումը խստացել է, ԵՄ-ն ավելի լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում այն երկրներում, որոնք դիտարկվում են՝ որպես մուտքի արտոնագրերի դյուրացման ներուժ ունեցող երկրներ, ԵՄ-ն պահանջներ է դնում, հատկապես, երբ տվյալ երկրից անօրինական միգրացիայի հոսքեր կան»:
Նա նշել է, որ այն ամենը, ինչ կարող է տեղի ունենալ մուտքի արտոնագրերի դյուրացումից հետո, պետք է կանխատեսելի ու վերահսկելի լինի, իսկ դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր, պետք է երկիրը ներսում որոշակի աշխատանք իրականացնի։
«Ներկայումս կա նաև այլ երկրին տրամադրված մուտքի արտոնագրերի ազատականացման փորձը, այդ թվում՝ Վրաստանին, և ԵՄ-ն հաշվի է առնում բոլոր վտանգները», - ասել է վերլուծաբանը: