11/07/2019 13:27
Արցախյան հակամարտության վերաբերյալ Դոնալդ Տուսկի չբալանսավորված հայտարարությունները պետք է մտածելու տեղիք տան. Կարապետյան
Դոնալդ Տուսկի հայտարարություններն Արցախյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի իշխանություններին պետք է մտածելու տեղիք տան, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Ադրբեջանում և Հայաստանում արած հայտարարություններն Արցախյան հակամարտության վերաբերյալ:
«Մտահոգիչը հատկապես այն է, որ Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ Եվրամիության ղեկավարն ընդգծում է, որ Եվրամիությունն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, իսկ Երևանում որևէ կերպ չի շեշտադրում ինքնորոշման իրավունքի կարևորությունը՝ բավարարվելով Հելսինկյան սկզբունքների վրա հղում կատարելով», - նշեց Աննա Կարապետյանը:
Նրա կարծիքով, սա ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն իրոք մեծ ջանքեր է գործադրում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից այս ձևակերպումը «կորզելու» համար, իսկ հայկական կողմը չի պնդում բալանսը պահելու և այդ դեպքում՝ մեզ մոտ էլ ինքնորոշման իրավունքի մասին խոսելու վրա:
«Սա այսքան մտահոգիչ չէր լինի, եթե համաձայնեցման փուլում չլիներ Եվրամիության և Ադրբեջանի միջև համաձայնագիրը: Գաղտնիք չէ, որ Բաքուն ջանք չի խնայում այդ փաստաթղթում էլ տարածքային ամբողջականության սկզբունքն առանձնացնելու համար», - ասաց փորձագետը:
Կարապետյանի պնդմամբ դրան գումարվում է նաև այն, որ Եվրամիության արտաքին քաղաքականության նորանշանակ պատասխանատուն՝ Ջոզեֆ Բորելը, նույնպես տարածքային ամբողջականության սկզբունքի ջատագով է, և դեմ է արտահայտվել Կատալոնիայի անկախացմանը: Եվ այս առումով Ադրբեջանի համար կարող է բարենպաստ իրավիճակ ստեղծվել: Հետևաբար, Հայաստանին չի կարելի կորցնել զգոնությունը:
«Տպավորություն է ստեղծվում, որ այժմ Եվրամիության հետ Հայաստանի օրակարգում իշխանություններն ավելի մեծ շեշտ են դնում արդարադատության ոլորոտում բարեփոխումների հարցում աջակցություն ստանալու վրա: Չի կարելի թույլ տալ, որ դա հանգեցնի այլ հարցերում, այդ թվում՝ Արցախյան հարցում, Եվրամիության կողմից արվող քայլերի, մոտեցումների, հայտարարությունների վրա աչք փակելուն», - ասաց Կարապետյանը: