11/07/2019 14:08
Վիզաների ազատականացման հարցում Լեհաստանը ՀՀ-ին չի պաշտպանելու. Արման Բաբաջանյան
ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիասթափված է խորհրդարանական դիվանագիտությունից:
«Հիասթափված պիտի խոսեմ ընդհանրապես մեր վարած խորհրդարանական դիվանագիտության մասին, որովհետև, կարծում եմ, որ առավելապես ԵՄ և դրա առանձին երկրների հետ աշխատանքը պատշաճ կերպով չի կատարվում խորհրդարանի մակարդակով, ինչու չէ նաև արտաքին գերատեսչության», - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պատգամավորը:
Բաբաջանյանն ընդգծեց, որ Լեհաստանը դրա փայլուն օրինական է, և վերջերս այնտեղ կատարած այցը դրա վառ ապացույցն էր եղել: Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ Լեհաստանում ի դեմս հայ խորհրդարանականների՝ տեսել են նախկին իշխանությունների հետ կապ ունեցող մարդկանց:
«Կարծես՝ Ռուբեն Ռուբինյանի փոխարեն Արմեն Աշոտյանն էր նստած», - ասաց Բաբաջանյանը:
Նա նկատեց, որ լեհ գործընկերներին այդպես էլ հնարավոր չի եղել ներկայացնել այն ողջ փոփոխությունների մասշտաբը, որը տեղի է ունեցել Հայաստանում:
«Դա նրանց մեղքը չէ, դա մեր մեղքն է, մեր խորհրդարանի ու խորհրդարանականների ոչ պատշաճ աշխատանքը», - նկատեց պատգամավորը:
Անդրադառնալով վիզաների ազատականացմանը՝ Բաբաջանյանը նշեց, որ Լեհաստանն այս հարցում ՀՀ-ին չի պաշտպանելու:
«Պետք է հիասթափեցնեմ բոլորիս՝ լեհերը մեզ այդ հարցում չեն պաշտպանելու, որովհետև շատ խիստ հարցադրումներ ունեն մեր արտաքին քաղաքականության, մեր հանձնառությունների վերաբերյալ: Այն սպասումները, որոնք մենք ունենք արագության մասով, տեղին չեն», - ասաց Բաբաջանյանը: