11/07/2019 18:05
Մակրոտնտեսական ցուցանիշները հիմք չեն տալիս մտածելու, որ կենսաթոշակների բարձրացման որոշումն արդարացված է. Տնտեսագետ
Ընդհանուր առմամբ շատ լավ է, որ կառավարությունը պլանավորում է 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնել, սակայն առկա մակրոտնտեսական ցուցանիշները բավարար հիմք չեն տալիս մտածելու, որ այդ որոշումն արդարացված է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
«Բայց սոցիալական խնդրի լուծման տեսանկյունից, անշուշտ, կառավարության որոշումը ողջունելի է», - ասաց նա։
Հարցին՝ որքա՞ն ծանր կանդրադառնա կենսաթոշակների բարձրացումը տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ ըստ վիճակագրության՝ Հայաստանում տարեցների թիվը տարեցտարի աճում է, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց.
«Հիմք ընդունելով վերջին մեկ տարվա տնտեսական ցուցանիշները՝ մենք պետք է ամրագրենք, որ տնտեսության մեջ որևէ դրական տեղաշարժ չկա, զարգացումներն, ըստ էության, իներցիոն բնույթ են կրում։ Ավելին՝ առանձին ցուցանիշների մասով մենք ստաբիլ անկում ունենք։ Օրինակ՝ արտահանման ծավալներն ամեն ամիս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազում են։ Ներմուծման ծավալները ևս ցածր են։ Այս տարվա 4 ամիսների կտրվածքով մոտ 3 անգամ օտարերկրյա ներդրումները նվազել են և այլն։
Այս բոլոր ցուցանիշները որոշակի ինդիկատորներ են, որոնք ցույց են տալիս, որ տնտեսությունում իրականում դրական տեղաշարժեր դեռևս չկան», - ասաց Կառլեն Խաչատրյանը՝ տեսակետ հայտնելով, որ հնարավոր է՝ կառավարությունը կենաթոշակների բարձրացման կարող է գնալ բյուջետային ծախսեր կրճատելու կամ վերաբաշխումներ իրականացնելու, ինչպես նաև հավելյալ արտաքին ռեսուրսներ ներգրավելու հաշվին։
Հիշեցնենք, որ կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելու մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։