11/07/2019 11:16
2020-ի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները. Նիկոլ Փաշինյան
Երեկ կառավարությունը հաստատեց միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ շրջանակում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի մեկից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որոշում է կայացվել նաև, որ կառավարությունը կփորձի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկարաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են:
Վարչապետն ասաց, որ այս հարցի լուծման համար կտրամադրվի 3 միլիարդ դրամ:
«Ինչ վերաբերում է ծրագրերի մանրամասներին, դրանք նաև հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն», - ասաց նա:
Վարչապետը հիշեցրեց, որ հունիսի 1-ից արդեն զինվորականների աշխատավարձերը բարձրացել է, նրանք արդեն ստանում են այդ աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի մեկից էլ կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը:
«Քննարկվեց նաև ավելի կարևոր խնդիր, մեր հիմնական խնդիրը հիմա՝ ունենալ բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնելու ճանապարհային քարտեզ: Այդ խնդրի լուծման հիմնական միջոցը մենք տեսնում ենք վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման ուղղություններով», - ընդգծեց վարչապետը:
Նա Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարեց մինչև օգոստոսի 20-ը վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների հետ ունենալ քննարկումներ: