11/07/2019 14:39
«Միսս Տիեզերք» համաշխարհային գեղեցկության մրցույթում Հայաստանը կներկայացնի Դայանա Դավթյանը (Լուսանկարներ)
Հուլիսի 9-ին Գյումրիի «Սև բերդ» կոչվող ամրոցում արդեն երկրորդ տարին անցկացվեց «Միսս Տիեզերք Արմենիա 2019» գեղեցկության մրցույթը։ «Միսս Տիեզերք Արմենիա 2019»-ում հաղթող ճանաչվեց Դայանա Դավթյանը, իսկ «Վիցե միսս» տիտղոսին արժանացավ Անետա Գաբրիելյանը։
Այս տարի «Միսս Տիեզերք Արմենիա 2019»-ին մասնակցում էր 15 աղջիկ։ Նրանց տեսքը անզուգական էր և տպավորիչ։
Գեղեցկուհիները նախ ներկայացան ազգային տարազներով, որին հաջորդեցին գեղեցկության մրցույթի հիմնական փուլերը՝ լողազգեստ և երեկոյան հագուստ։
Դրանից հետո ժյուրին երկարատև քննարկումից հետո հայտնեց լավագույն 5-յակի անունները` Դայանա Դավթյան, Նաիրա Վարդանյան, Մարինա Դանիելյան, Անետա Գաբրիելյան և Լիանա Ոսկերչյան, ովքեր մասնակցեցին հարցազրույց փուլին:
«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը նշեց, որ «Միսս Տիեզերքն» իր չափանիշներով տարբերվում է «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթից։
««Միսս Տիեզերքի» ժամանակ կարևոր է, որ աղջիկը շատ գեղեցիկ ներկայացնի իրեն և իր երկիրը։ Այս տարի մեր մրցույթում ժյուրիները ուշադրություն են դարձրել աղջիկների բեմական խոսքին, կեցվածքին ու քայլվածքին, քանի որ «Միսս Տիեզերքը» քարոզում է հենց կնոջ համարձակությունն ու ինքնավստահությունը», - ընդգծեց Գոհար Հարությունյանը։
Ժյուրիի կազմում էին Արամոն, Էմմա Պետրոսյանը, Սահականուշ Սահակյանը, դիզայներ Գայանե Մանուկյանը, «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհուրդի անդամ Ռուբինա Գրիգորյանը, թագերի հովանավոր Վարդան Խզմալյանը և «Արմոս» բրենդի հիմնադիր և տնօրեն Արմեն Մուրադյանը։
Գեղեցկության մրցույթը վարեցին Լիլիթ Մարտիրոսյանն ու Ժիրայր Ոսկանյանը։
Իրենց գեղեցիկ կատարումներով ներկայացան երգչուհիներ Վիկտորյա Ադամյանը և Մարգարիտա Օգանովան։
Ի դեպ, գեղեցկության մրցույթը «Սև բերդում» անցկացնելը պատահական չէր։ Նպատակը մեկն էր՝ զարգացնել այլ քաղաքներում մշակութային ծրագրերի անցկացումը։