12/07/2019 12:58
Սևանա լճի խնդրի լուծման ուղղությամբ մենք ոչինչ չենք անում, միայն խոսում ենք. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ)
«Սևանա լճի շուրջ ստեղծված խնդրի լուծման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականցվող քայլերն ինձ համար ընդունելի և բավարար չեն: Անցյալ տարի լճի ափամերձ տարածքները չմաքրեցին, ոչինչ չարվեց և կեղտը կուտակվեց», - «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում ասել է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ միաժանակ նշելով, որ Սևանի խնդիրը նոր չէ և այսօրվա խնդիրները կուտակվել են տարիների ընթացքում:
Պատգամավորը մտահոգություն հայտնեց պատկան մարմինների կողմից լճի կանաչման խնդրի հետազոտման տեմպերից:
«Եթե այս տեպերով պետք է առաջ շարժվենք, մենք ոչ մի տեղ չենք հասնի, օպերատիվություն չեմ տեսնում: Երբ Էրիկ Գրիգորյանը նշանակվեց նախարար, ես կարծում էի, որ Սևանի շուրջ մենք պետք է հեղափոխական փոփոխություններ անեինք: Իմ կարծիքով՝ առաջին հերթին պետք է ափամերձ տարածքները մաքրվեին անտառներից, ապօրինի շինություններից, որը ցավոք չարվեց», - ասաց նա:
Թովմասյանի նշեց, որ առաջնահերթ կարգով պետք է լուծվի Սևանա լճի մաքրման խնդիրը: Նրա խոսքով՝ Գեղարքունիքի մարզում բնակվող 200 հազարից ավելի մարդկանց կոյուղաջրերը լցվում են Սևանա լիճը:
«Սա ուղակի աղետ է: Մենք կարող էինք ամեն եռամսյակ միջոցներ ներդնել և գոնե մեկ համայնքի կոյուղաջրերի մաքրման կայաններ սարքեինք, որ այսպիսի խնդիրներ չառաջանային, բայց չի արվել: Սևանի մակարդակը պետք է 6 մետր բարձրացվի, որպեսզի սառը շերտը վերականգնվի և կապտականաչ ջրիմուռները չաճեն, բայց մենք դրա ուղղությամբ էլ ոչինչ չենք անում, միայն խոսում ենք», - ընդգծեց պատգամավորը:
Թագուհի Թովմասյանը տարակուսանք հայտնեց, որ հակառակ Սևանա լճում առկա խնդիրների մասին փաստերին՝ մարդիկ շարունակում են լողալ և առողջապահության նախարարություն որևէ ուսումնասիրության արդյունք մինչ օրս չի հրապարակել՝ արդյոք ջուրն անվտա՞նգ է, թե՞ ոչ:
«Մինչև հիմա մենք չունենք փորձաքննության արդյունքներ: Առողջապահության նախարարությունը մեզ չի տալիս տեղեկություն՝ վնասակա՞ր է Սևանա լճի ջուրը, թե՞ ոչ: Այս ընթացքում բազմաթիվ երեխաներ լողում են ջրում: Ոչ բոլոր հատվածներն են կանաչացած, այն որոշ հատվածներում, որտեղ կապույտ է ջուրը, այդ հատվածներում են մարդիկ լողում: Եվ մենք չգիտենք՝ ջուրը թունավո՞ր է, թե՞ ոչ», - ասաց պատգամավորը: