12/07/2019 17:50
Փոխնախարար Արայիկ Խզմալյանը նշանակվել է ԱՊՀ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) և Անկախ պետությունների համագործակցության՝ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, այս մասին Aysor.am-ը տեղեկանում է նախարարության պաշտոնական էջից:
«Շնորհակալ եմ բարձր վստահության համար և լիահույս եմ, որ համագործակցությունը դրվելու է նոր մակարդակի վրա՝ ի նպաստ ԱՊՀ մասնակից պետությունների միջև հոգևոր և հումանիտար կապերի ամրապնդման», - նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը, հավելելով, որ նշյալ կառույցների հետ ունի ավելի քան 10 տարվա համագործակցության փորձ:
2006 թվականին ստեղծված Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նպատակը լիազոր մարմինների ներկայացրած և հումանիտար համագործակցության խորհրդի հետ համաձայնեցված հումանիտար համագործակցության միջոցառումների (նախագծերի) ֆինանսավորման ապահովումն է։ Այստեղ Հայաստանը նույնպես ներկայացված է՝ ԱՊՀ այլ մարմինների, ինչպես նաև հումանիտար ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և ազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Համաձայն ՀՀՄՀ կանոնադրության՝ բարձրագույն ղեկավար մարմինը վարչությունն է, որի անդամ են հանդիսանում հիմնադիր երկրների կողմից նշանակված լիազոր մարմինների ղեկավարները (մեկ ձայնի իրավունքով)։