15/07/2019 19:28
Այլևս չեմ ցանկանում լինել մի կառույցում, որը ղեկավարում է Հարություն Խաչատրյանը. Դավիթ Սահակյանցը լքում է Կինեմատոգրաֆիստների միությունը
Մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Նման որոշում կայացնելու պատճառը այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ցուցադրված թուրքական ու ադրբեջանական ֆիլմերն ու տրանսգենդերի մասին պատմող ֆիլմն էր. վերջինս մրցանակի արժանացավ:
«Դիմումն առավոտյան եմ ներկայացրել, քարտուղարուհուն եմ հանձնել գրքույկներս ու դիմումս: Դեռևս արձագանք չկա այնտեղից: Սա վերջին կաթիլն էր, ու ես որոշեցի, որ այլևս չեմ ցանկանում լինել մի կառույցում, որը ղեկավարում է Հարություն Խաչատրյանը: Ինձ համար դա անընդունելի է: Ճիշտ, թե սխալ՝ այլ հարց է, բայց ես ունեմ իմ անձնական վերաբերմունքն այդ հարցերին, ու դա անընդունելի եմ համարում», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց մուլտիպլիկատորը:
Դավիթ Սահակյանցը շեշտեց՝ սա ոչ թե անձնական, այլ՝ գաղափարական խնդիր է: Հակառակ դեպքում՝ իր կյանքում շատ այլ անձնական առիթներ են եղել, որոնք նրան այսպիսի որոշման կմղեին: Ի դեպ, Կինեմատոգրաֆիստների միությունը լքելու որոշում որդու հետ նաև մայրն է կայացրել՝ Լյուդմիլա Սահակյանցը, ով այդ միության՝ շուրջ 30 տարվա անդամներից է:
«Այս փառատոնի շրջանակներում պարբերաբար փորձում էին նմանատիպ ֆիլմեր ցուցադրել, բայց ամեն անգամ հակաուժ էր հայտնվում ու կանխում: Այս տարի, փաստորեն, այդ ցուցադրումները կանխելու ոչ մի հնարավորություն չեղավ. ցուցադրեցին թե՛ ադրբեջանականը, թե՛ թուրքականը և թե՛ տրանսգենդերի մասին պատմող ֆիլմը: Հարություն Խաչատրյանի հետ այս մասին չեմ էլ զրուցել, որովհետև, եթե մարդը չի հասկանում, որ Հայաստանում առկա մշակութային կրիզիսի ընթացքում, այսօրվա իրավիճակում չի կարելի նման ֆիլմեր բերել ցուցադրության, ապա իր հետ խոսակցությունն անիմաստ է: Հաստատ հնարավորություն կար, որ փառատոնի շրջանակներում խելամիտ ընտրություն կատարեին», - ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում երկրորդ տեղ զբաղեցրեց ու «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին» ֆիլմը, որը պատմում է տրանսգենդեր կնոջ մասին: Հետհեղափոխական շրջանում հաճախ բարձրաձայնվում է այն մասին, որ ԼԳԲՏ համայնքի իրավունքները ոտնահարված են, ու այդ համայնքը պետական պաշտպանության անհրաժեշտություն ունի: Հարցին՝ արդյոք ինքը նման բովանդակության ֆիլմի՝ փառատոնում հայտնվելու մեջ քաղաքական ենթատքստ տեսնու՞մ է՝ Սահակյանցը պատասխանեց.
«Իհարկե, քաղաքական ենթատեքստ կա: Կարծում եմ, նաև այն, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը եկավ փառատոնի փակման արարողությանը, նույնպես իր պատճառն ուներ: Կամ էլ այլ միտում կա՝ նոր իշխանություններին հաճոյանալու համար շատերը փորձում են գնալ այսպիսի քայլերի: Իսկ դա առավել սարսափելի է»:
Ներկայացրած դիմումը ոչ մի պարագայում մուլտիպլիկատորը հետ չի վերցնելու: Նկատառմանը՝ ի՞նչ վնաս իրեն կարող է հասցնել Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը լքելը, ու արդյոք հետագայում կվերականգնի՞ իր անդամակցությունը կինոգործիչների կառույցին՝ ռեժիսորը պատասխանեց.
«Եթե կինոգործիչների միությունը լիներ այն կառույցը, որը ինչ-որ կարևոր բան է որոշում, ապա այդ դիմում հանձնելն ինձ համար շատ ավելի պատվավոր կլիներ: Բայց ներկայումս չեմ էլ մտածում, ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե հետագայում ինչ կլինի ու ինչ կփոխվի: Այս քայլն անձամբ իմ պատասխանն էր փառատոնին և Հարություն Խաչատրյանին»:
Դավիթ Սահակյանցի խոսքով՝ «Ոսկե ծիրան»-ը արարողակարգային առումով էլ իր բովանդակությունը կորցրել է: Ասում է՝ փառատոնային գլոբալիզացիան կերավ մեր «Ոսկե ծիրան»-ը՝ այն դարձնելով շարքային կինոփառատոն:
Անդրադառնալով 16-ամյա փառատոնի հետագծին՝ ռեժիսորը նկատեց՝ բովանդակային անկումն ակնհայտ է:
«Որակականի առումով ոչինչ չեմ կարող ասել, գիտեմ, թե առհասարակ ինչ բարդ աշխատանք է փառատոն կազմակերպելը: Երբ հնարավորություն ունես անելու այնպիսի մի աշխատանք, որը կարող է նպաստել բարձր արժեքների զարգացմանը, ապա այդ հնարավորությունը պետք է ճիշտ օգտագործել: «Ոսկե ծիրան»-ը վերջին տարիներին դրանով ընդհանրապես չէր զբաղվում: Դարձել էր շարքային կինոփառատոն: Նման բովանդակության ֆիլմերն այսօր գրեթե ամենուր թրենդի մեջ են, իրենք էլ գնացին նույն ճանապարհով: Այս փառատոնը կարող էր պահպանել իր ուրույն դեմքը, սկզբում այն մի քիչ այլ էր: Կար ծիրանի օրհնություն, շատերին դուր էր գալիս, գեղեցիկ արարողություն էր, բայց հետին պլան մղվեց», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Դավիթ Սահակյանցը: