16/07/2019 13:53
Վենեսուելան անցյալ շաբաթ 40 մլն դոլար գումարի ոսկի է վաճառել
Վենեսուելայի իշխանություններն անցյալ շաբաթ 40 միլիոն դոլար գումարի ոսկի են վաճառել՝ չնայած Միացյալ Նահանգների գործող պատժամիջոցներին: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ գործակալության՝ Վենեսուելայի Կենտրոնական բանկը մոտավորապես մեկ տոննա ոսկի է վաճառել հուլիսի 12-ին: Գործակալությունը չի նշում, թե ինչ երկրներ են ձեռք բերել թանկարժեք մետաղը, սակայն հայտնում է Արաբական Միացյալ Էմիրությունները և Թուրքիան՝ որպես հնարավոր գնորդներ:
Բոլիվարյան Հանրապետության ԿԲ-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրադրությունը: Գործակալության տվյալով՝ ընդհանուր առմամբ ապրիլի սկզբից ի վեր Վենեսուելան վաճառել է մոտ 24 տոննա ոսկի, ինչի պատճառով նրա ոսկեարժութային պահուստները նվազել են մինչև 8,1 միլիարդ դոլար: