16/07/2019 17:15
Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը չի ցանկանում պատերազմ սկսել Թեհրանի դեմ
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատերազմ սկսել Թեհրանի դեմ, սակայն Միացյալ Նահանգների ղեկավարի շրջապատի անձինք ցանկանում են դա: Այս կարծիքն Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի:
«Ես չեմ կարծում, թե նախագահ Թրամփը պատերազմ է ցանկանում, բայց ենթադրում եմ, որ նրանք, ովքեր նրան շրջապատում են, դեմ չէին լինի», - ասել է Զարիֆը:
«Կարծում եմ, որ նախագահ Թրամփը հրապարակավ հայտարարել է, որ իրենք ձգտում են հասնել դրան, բայց չեմ կարծում, թե նրանց մոտ կստացվի, քանի որ վերջին հաշվով կգերակշռի ողջամտությունը», - ավելացրել է նա:
Նախարարն արձանագրել է, որ «Իրանը խոշոր և հպարտ պետություն է»:
«Մենք թեթևամտորեն չենք վերաբերվում ռազմական հարվածին», - ընդգծել է Զարիֆը:
Զարիֆին հարցրել են՝ ըստ նրա, ինչու՞ է Թրամփը հրաժարվել հունիսի վերջին Իրանին հարված հասցնելու մտադրությունից։
«Կարծում եմ, գերակշռել է ողջամտությունը: Մարդիկ հասկացել են, որ դա սահմանափակ գործողություն չի լինի», - ասել է նախարարը:
Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը նաև հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ կոնսուլտացիաների, եթե ԱՄՆ-ն վերացնի երկրի դեմ ավելի վաղ սահմանած պատժամիջոցները:
«Երբ պատժամիջոցները վերացվեն, այն ժամանակ հնարավորություն կհայտնվի բանակցությունների համար», - ասել է նա: