16/07/2019 10:37
Կլիմայի փոփոխությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ առկա է Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկարը. Տիգրան Ավինյան
Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին, հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
Ավինյանի խոսքով` կլիմայի փոփոխությունն արմատապես ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա:
«Կլիմայի փոփոխությունից ամենաշատը տուժել է Սևանա լիճը: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ առկա է Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկարը», - ասել է Ավինյանը:
Փոխվարչապետը նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի իշխանություններն աշխատում են այդ խնդրի լուծման ճանապարհները գտնելու ուղղությամբ:
«Առաջին հերթին մենք փորձում ենք լճի մակարդակը բարձրացնել մոտ 6 մետրով, ինչը նշանակում է, որ մեզ լճում ավելի շատ ջուր է անհրաժեշտ», - նշել է նա:
Դրա շնորհիվ, նրա խոսքով, սառը ջրի մակարդակն ավելի ցածր կլինի, ինչը թույլ կտա Սևանը որպես լիճ պահպանել, համենայնդեպս մոտ ապագայում:
«Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը, դա զգում է թե բուսական և թե կենդանական աշխարհը», - հավելել է նա:
«Կարծում եմ, որ Հայաստանում երկար ժամանակ չեն մտածել կլիմայի փոփոխության մասին, մինչև այն չի հարվածել երկրի հենց սրտին: Այժմ հասկանում ենք, որ դա շատ լուրջ հարց է: Բնապահպանական խնդիրները, ցավոք, անդառնալի ազդեցություն ունեն: Հետևաբար, մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերի վրա», - ընդգծել է Ավինյանը: